Քաղաքացիներից մեկն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ բողոքելով, որ ինքը Կադաստրի կոմիտեից տեղեկատվություն է խնդրել, սակայն 3-րդ օրը չլրացած՝ տեղեկատվությունը տրամադրել են և իրենից գումար պահանջել։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
«Նայեք իմ պես չխաբվեք․
Ուրեմն՝ կադաստրի կոմիտեի կայքում փաստաթուղթ պատվիրեցի,
Երեք օրից տալիս են անվճար,
Երկու օրից՝ 5000 դրամ,
Մեկ օրից՝ 10000 դրամ։
Այսինքն՝ եթե շտապ ա՝ պետք ա վճարեք։
Եթե չէ՝ սպասիր երեք օր։
Ուրեմն՝ էսօր, այսինքն դիմումը տալուց երկու օր անց, սմս ա գալիս, թե բա դոկումենտը պատրաստ ա, մտեք, կայքից քաշեք։
Մտնում եմ, մեկ էլ ասում ա՝ վճարեք 5000 դրամ։
Չես ֆայմում, որ եթե 24 ժամ սպասես՝ ձրի կլինի։
Ես էլ տենց հուզված, որ արդեն եղել է ուզածդ թուղթը, անհամբեր ես, բան, էշ-էշ վճարում եմ, մի քիչ զարմանալով, թե բա պիտի ձրի լիներ։
Այ սենց խորամանկ ձևով, երրորդ օրը չլրացած, նենգ սմս են ուղարկում, ու մարդիկ երկար չմտածելով, վճարում են։
Բայց կյանքը ցույց ա տվել, որ սենց թարախ ձևով գումար տանելը երբեք չի մարսվում։
Կամ տանողի քթից ա գալու կամ իրա մոտիկների»։
Պարզաբանում ստանալու համար,
Oragir.News-ը կապ հաստատեց Կադաստրի կոմիտեյի թեժ գիծ, որտեղից հարցերին պատասխանեց աշխատկիցներից մեկը։
Աշխատակիցը նշեց, որ հստակ պատասխանելու համար իրենք նախ պետք է հասկանան, թե ինչ գործարքի տեսակի համար է դիմում ներկայացրել տվյալ անձը, որ հասկանան՝ ինչ է նշել, և ինչի հետ գործ ունեն։
«Եթե տվյալ անձը միասնական տեղեկատվության ներկայացման դիմում է ներկայացրել, ապա 3-րդ օրից հետո այն անվճար չի լինում, ես չգիտեմ, թե տվյալ անձը որտեղ է դա կարդացել։ Եթե նա սեփականատեր է և իր գույքի վրա գործող սահմանափակումների մասին ինֆորմացիա է ցանկանում, ապա այն 3-րդ օրը տրամադրվում է անվճար։
Կարծում եմ տվյալ անձը մեր գործառույթը սխալ է հասկացել, որովհետև ինչպես նշեցի՝ 3-րդ օրը անվճար ինֆորմացիա կարող է ստնալ միայն այն անձը, որը հանդիսանում է գույքի սեփականատեր։ Իսկ եթե ուրիշի գույքի վերաբերյալ ինֆորմացիայի համար են դիմում ներկայացնում, ապա սեփականատեր չլինելու դեպքում կապ չունի քանի օր են սպասում՝ 5000 դրամ պետք է վճարեն։ Ենթադրում եմ, որ նա սեփականատեր չի եղել, այդ իսկ պատճառով նրան շուտ են ուղարկել պատասխանը»,-ասաց Կադաստրի կոմիտեի աշխատակիցը։
Նա նաև նշեց, որ ուրիշի գույքի վերաբերյալ սահմանափակ ինֆորմացիան ստանալու համար դիմում ներկայացրած անձը պետք է կա՛մ լիազորագիր ներկայացնի սեփականատիրոջ կողմից, կա՛մ սեփականատերը պետք է գրանցվի և ինքը անի հարցումը։ Եվ հավելեց, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն գույքի սեփականատերն իրեն վերաբերվող ինֆորմացիայից կարող է անվճար օգտվել, և դա արտոնություն է, որը բոլորին չի վերաբերվում։ Իսկ եթե սեփականատերը 3 օրից շուտ է ուզում ինֆորմացիան, ապա նա ևս պետք է գումար վճարի։
Oragir.News-ի տեղեկություններով՝ ֆեյսբուքում գրառում կատարած անձը հանդիսանում է գույքի սեփականատեր։