Ականն ինժեներական ռազմամթերք է, որ նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը, ռազմական տեխնիկան, ռազմավարական նշանակության ճանապարհները և կառույցները ոչնչացնելու համար: Ականները լինում են մի քանի տեսակի. ծանոթանում ենք հակատանկային և հակահետևակային ականների: Սովորում ենք տեղադրել հակահետևակային ական, ականորսիչով գտնել ականները և զգուշորեն վնասազերծել թե ականը, թե դրա տակ դրված անակնկալները՝ նռնակ կամ այլ՝ ավելի մեծ ական:
Ականորսիչն առավել զգայուն է մետաղե առարկաների նկատմամբ. ժամանակակից պլաստմասե իրանով փոքր հակահետևակային ականները դժվար են հայտնաբերվում, հարկ է լինել առավել ուշադիր: Անշտապ արվող այս աշխատանքն առավելագույնս կարևոր է, երբ հետապնդում ես հակառակորդին, երբ մտնում ես տարածք, որտեղից հեռացել է հակառակորդը, և մշտապես՝ պատերազմական գործողությունների ժամանակ, քանի որ զինվորականները ձգտում են կանխատեսել հակառակորդի շարժման ուղղությունները և նրան իր ճանապարհին պատճառել վնասներ կամ դանդաղեցնել-կասեցնել առաջընթացը:
Ականային քարտեզները միշտ ունենում են որոշակի ճշտություն, քանի որ եթե տրված գիծն անցնում է ժայռաբեկորների վրայով, ապա դրանք շրջանցվում են. նաև, պատերազմական դրությունից ելնելով՝ հնարավոր է ականները դրվեն պատահականորեն՝ ժամանակի սղության կամ այլ պատճառներով:
Ականորսիչը գործարկելուց հետո սակրավորը համոզվում է, որ իր առաջին իսկ քայլը «մաքուր» հողին է լինելու: Առաջ է գնում փոքր քայլերով, անշտապ ստուգելով: Ական հայտնաբերելու դեպքում այն վնասազերծելիս հաշվի է առնում, որ ականը կարող է լինել «անակնկալով»: Դուրս բերված ականները չեն օգտագործվում երկրորդ անգամ, դրանք ենթակա են ոչնչացման: Սակրավորն իր հետ ունենում է նաև կարմիր թել, որով նշում է իր մաքրած ճանապարհի գիծը, և զորքը, որ գալիս է իր հետևից, անցնում է հենց իր նախանշած ճանապարհով: Հայտնի ասույթ կա՝ սակրավորները դանդաղ են առաջ գնում, բայց նրանց անցնել չարժե:
Մանրամասն՝ ինչպես ականազերծել, և թե ինչպես տեղադրել ականները՝ տեսանյութում:
Ընդգծենք, որ ականապատմանը և ականազերծմանը գործնականում տիրապետելու համար անհրաժեշտ է, որ բազմիցս տեղադրեք ականներ, գտնեք և վնասազերծեք դրանք՝ վարժեցնելով ականջները, ձեռքերն ու միտքը, որ պատասխանատու պահին ճակատագրական սխալներ չանեք: