1871 թվականի դեկտեմբերի 22-ին Թիֆլիսում ծնվել է Օլգա Թումանյանը` բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կինը։
Մինչ Թումանյան դառնալը Օլգա Մաճկալյանը սովորել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցում։ Քանի որ հայրը մշտապես Աղստաֆայում էր ապրում, ընտանիքի հոգսը իր վրա է վերցրել հորաքրոջ ամուսինը` Հովհաննես քահանա Մարտիրոսյանը։ Կնոջը կորցրած քահանան երկրորդ անգամ ամուսնանալու իրավունք չուներ, բայց նա կյանքը կապել էր Օլգայի մոր՝ Շուշանիկ Մաճկալյանի հետ և որդեգրել նրա միակ դստերը։ Կոնսիստորի գրագիր Հովհաննես Թումանյանը հաճախ էր լինում Հովհաննես քահանա Մարտիրոսյանենց տանը, որտեղ էլ ծանոթանում է Օլգայի հետ։

«…Երկու ամսից մեզ նշանեցին: Հայրը` Տեր-Թադևոսը, եկավ գյուղից մի քահանայի և մի վարդապետի հետ: Մեզ մոտ էլ երկու քահանա կային, էնպես որ չորս քահանա և մի վարդապետ մեզ նշանեցին` 1888 թ. մարտի 24-ին:
Նշանվելուց հետո Օհանեսը համարյա ամեն օր մեզ մոտ էր լինում ճաշերին և գնում էր ուշ երեկոյան: Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ կոշիկներ բերեց, նոր ձևի:
Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականն» էին և «Վերք Հայաստանին»:
Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել: Օհանեսն ինձ հետ կարդում էր և բացատրություններ տալիս:
Օհանեսը գյուղից եկավ 1888-ի սեպտեմբերի 20-ին: Երկու ամսից, դեկտեմբերի 1-ին պսակվեցինք: Ես տասնյոթ տարեկան էի, Օհանեսը` տասնինը», - հետագայում իր հուշերում գրում է Օլգա Թումանյանը:

Հովհաննես և Օլգա Թումանյանները տասը զավակ են ունենում։ Օլգան իր երեխաներին զուգահեռ` նույն ջանասիրությամբ մշտապես հոգ էր տանում նաև ամուսնուն։ Բանաստեղծի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը իր «Օլգա Թումանյանը» գրքում գրում է, որ Օլգան այնքան ուշադիր ու հոգատար է եղել ամուսնու նկատմամբ, որ կաթողիկոս Խրիմյան Հայրիկը կատակով Թումանյանին անվանել է Օլգայի 11-րդ զավակ։
Օլգա Թումանյանն իր տանը մշտապես հյուրնկալել է հայ մտավորականության ներկայացուցիչներին, պահել և խնամել է որբանոցից ամուսնու բերած որբ երեխաներին։ Թումանյանի և նրա լուսավոր ընտանիքի մասին պատմաբան Լեոն գրում է.
«Մշտազվարթ, լուսավոր օթևան: Եվ նրա շեմքով մտնողն ընկնում էր Հովհաննեսի ընտանիքի գիրկը: Երջանիկ էր այդ ընտանիքի գլուխը` թե՛ իբրև ամուսին և թե՛ իբրև հայր: Հովհաննեսն ուներ տասն երեխա, մի ամբողջ «բանակ», ինչպես անվանում էինք մենք; Եվ այդ բանակը, մեծերից մինչև բոլորովին փոքրերը, շենքով ու շնորհքով հագնված ու դաստիարակված, ներկայանում էր գրական ճաշերին ու հավաքույթներին իբրև գրական մթնոլորտով տոգորված, բարեկիրթ, հյուրասեր և ուրախ մի ընտանիք: Տիկին Օլգան, Հովհաննեսի տիկինը, այս ամբողջ վայելչության, կարգ ու կարգի հեղինակն էր, մշտապես նվիրված իր բազմանդամ ընտանիքի բազմադիմի պահանջներին: Այդ հեշտ բան չէր, մանավանդ ունենալով Հովհաննեսի պես մի ամուսին: Մի մարդ էր սա, որ անչափ ու անսահման սիրում էր հյուրեր ունենալ իր սեղանի վրա, և տիկին Օլգան շաբաթը քանի՛ անգամ պիտի հյուրասեղան պատրաստելու հոգսերի մեջ լիներ»:
Կնոջ բարեսրտությանը, հոգատարությանն ու նվիրվածությանը Հովհաննես Թումանյանը պատասխանել է յուրօրինակ սիրով ու ջերմությամբ։ Դրա վառ ապացույցն են կնոջն ուղղված նամակները։
1889 թ. հոկտեմբերի 31-ին Թիֆլիսից բանաստեղծը գրում է կնոջը.
«Օլա ջան, չեմ կարող չխոստովանիլ, որ շատ ձանձրալի են ինձ համար այս օրերը, չնայելով, որ, իհարկե, միայնակ չեմ բոլորովին, ինչքա՜ն երկար են թվում ինձ այս ժամերը, այժմ ես զգում եմ հատկապես, որ ոչ ոք չէ կարող փոխարինել քեզ ինձ համար. զարմանալի բան, երազի նման եմ հիշում քո այստեղ եղած ժամերը։ Զգալի է դառնում ինձ համար քո բացակայությունը, մանավանդ, երբ վերադառնում եմ կոնսիստորիայից կամ երեկոյան տուն եմ գալիս։ Բարևիր մեր կողմից Մուշեղին, հայրիկին, մայրիկին, Գիգոլին և Կատոյին։ Շաքարն այստեղ է և խնդրում է, որ մեզ համար թեյ բերելիս իրան համար էլ մի երկու գրվանքա բերեք....
Քո՝ Հովհաննես Թումանյան
Հ. Գ. Օլա ջան, մոռացա գրելու, որ անցյալ գիշեր երազում քեզ տեսա. թե ինչպես, ինչ դրության՝ ափսոս մոռացել եմ»։
Միմյանց հանդեպ սիրով ու հարգանքով լցված Թումանյան ամուսինները միմյանց հետ ապրեցին 36 տարի։ 1923 թվականին մահացավ Հովհաննես Թումանյանը։ Ամուսնու մահից հետո ողջ ընտանիքի հոգսը մնաց Օլգայի ուսերին։ Ֆիզիկական, նյութական դժվարություններից ու զրկանքներից բացի նա տեսավ որդիների ձերբակակությունը, ապա հինգ երեխաների մահը։
Օլգա Թումանյանը ամուսնու մահից հետո ապրեց ևս 48 տարի։ Նա մահացավ 1971 թվականին, 100 տարեկան հասակում։ Բայց մինչ այդ հասցրեց Թումանյանների թիֆլիսյան տան ունեցվածքի մեծ մասը, բանաստեղծի ձեռագիր ժառանգությունը և գրադարանը Երևան տեղափոխել և դուստրերի հետ ստեղծել Թումանյանի թանգարանը։
Օլգան կարողացավ կատարել իր սիրելի ամուսնու` Ամենայն հայոց բանաստեղծի պատգամը.
«Տունը պահեցեք էնպես, ինչպես հիմա է. ես ﬕշտ ձեզ հետ եմ, ձեր ﬔջ եմ: Տունը պահեցեք և իրար լավ նայեցեք: Գրադարանս թանկ պահեցեք. դժվարությամբ եմ հավաքել գրքերը, երկար տարիների ընթացքում. օգտվեցեք, կարդացեք, խնաﬔք ու պահեք»։
Նաիրա Եղիազարյան