Արցախի Հանրապետության՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությամբ Բաքվի վերահսկողությանը հանձնված Քարվաճառի (Քելբաջար-խմբ) շրջանի տարածքում չորս ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ այս գիշեր Ադրբեջանի ոստիկանության մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ օկուպացված Քարվաճառի շրջանում ենթակառուցվածքային ծրագրերի վրա աշխատող չորս անձ պայթել է ականների վրա և վիրավորվել։
«Ներկայումս դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցները՝ համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների հետ», - ասվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Պայթյունի հետևանքով տուժած ադրբեջանցիների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանը ադրբեջանցիներն անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ չէին կարողացել գրավել, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ օրեր անց ամբողջ շրջանն առանց մեկ կրակոցի հանձնվեց Ադրբեջանին։