Պատերազմի վտանգը միշտ կա, «Խաղաղության օրակարգը» պատրանք էր մեծ երեխաներին խաբելու համար․ Մհեր Հակոբյան
copy image url

Պատերազմի վտանգը միշտ կա, «Խաղաղության օրակարգը» պատրանք էր մեծ երեխաներին խաբելու համար․ Մհեր Հակոբյան

Ներքին 2 տարի առաջ - 21:00 02-12-2022
Պաշտպանության նախարարը երեկ այցելել է զորամասեր, լուրեր ենք ստանում հայ-ադրբեջանական շփման գծում թշնամական զորքի կուտակումների մասին, այս ամենը վկայո՞ւմ է պատերազմի մոտալուտ վտանգի մասին․ այս հարցով Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց ռազմական պատմաբան, իրավագետ Մհեր Հակոբյանից։

«Պատերազմի վտանգը միշտ կա, այլ հարց է, որ իշխանությունները մեջտեղ էին բերել այսպես կոչված, խաղաղության օրակարգը։ Դա իր մեջ ուներ ներքաղաքական տարր՝ փորձեցին հիասթափված ժողովրդին ասել, որ թեպետ Արցախը կորցրինք, բայց հիմա վերջապես խաղաղություն կբերենք։ 2020 թվականի վերջին և 2021-ի սկզբին այդ թեզն օգտագործվեց, դրանից հետո էլ իներցիայով շարունակում էր մնալ։ Բայց հիմա այդ օրակարգից քչերն են խոսում, քանի որ խաղաղությանն այդպես չեն հասնում»,- ասաց Հակոբյանը։

Եթե խաղաղությունը լիներ միայն ցանկությամբ, ապա աշխարհում շատ պատերազմներ չէին լինի, որովհետև միշտ էլ մի կողմը կունենար ցանկություն չպատերազմելու՝ թեկուզ թույլ լինելու պատճառով․ «Խաղաղություն չի լինում, խաղաղության հասնում են քրտնաջան, ճիշտ, համակարգված աշխատանքով՝ թշնամու հետ հավասարակշռությունը պահպանելով։ Որ պահին, որ այդ հավասարակշռությունը խախտվեց, պատերազմի հավանականությունը մեծանում է։ Հիմա սա խաղաղություն չէ, սա այսպես կոչված, «խաղաղության օրակարգ» է, որի մասին այլևս իրենք էլ չեն խոսում»։

Ավելին արդեն Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու վարչապետն են խոսում պատերազմի վտանգի մասին․ ««Խաղաղության օրակարգը» պատրանք էր մեծ երեխաներին խաբելու համար, որոնք ուղղակի ուզում էին հավատալ դրան։ Մենք պետք է ուժեղ լինենք, և միայն այդ գնով կլինի խաղաղություն։ Ավելին, ինչ-որ մարդկանց կարծիքով՝ պատերազմի վտանգը պայմանավորված էր նրանով, որ մենք Թուրքիայի թուրքերի հետ Մեծ Եղեռնի հարցն էինք մեջտեղ բերում, իսկ Ադրբեջանի թուրքերի հետ էլ Արցախի խնդիր ունեինք։ Եկեք այդ երկու մասով էլ պահանջատիրությունից հրաժարվենք և կգա խաղաղություն՝ ասում էին։ Սա էլ էր աբսուրդ, քանի որ այս երկուսն էլ՝ Ցեղասպանության և Արցախի հարցերը, հետևանք էին այն մեծ քաղաքակրթական պայքարի, որ մահմեդական, քոչվոր-անապատային տարրը մղում էր քրիստոնյա նստակյաց հայի դեմ։ Սա քաղաքակրթական բախում էր»։

Ինչպես պատկերավոր ներկայացրեց Հակոբյանը, սա նման է երկու աշխարհամասային սալերի միջև ընկած տարածքի, ուր պարբերաբար երկրաշարժեր են լինում․ «Մեր երկիրը երկու քաղաքակրթությունների շփման գոտում է, իսկ այսպիսի տարածքներում մշտապես բախումներ լինում են։ Ուղղակի մեր պետական քաղաքականությունը մշակողներն այն գիտական հիմքերի վրա չեն դնում․ այդ խնդիրը նախկինում էլ եղել է, բայց հիմա առավել է սրվել։ Պ ատմությունը, աշխարհագրությունը, ազգագրությունն, ուսումնասիրելով անցյալը՝ որոշակի օրինաչափություններ են վերհանում։ Եվ չսխալվելու համար պիտի գիտական այդ տվյալներով առաջնորդվես»։

Մհեր Հակոբյանը հիշեցրեց, որ դեռ խորհրդային տարիներից քննադատվում էին այս ոլորտների գիտնականները․ «Դուք գնացեք, ձեր գրքերը կարդացեք-գրեք, մենք ռեալ տղաներով գիտենք՝ ինչ անել։ Իսկ հիմա ռեալ տղաները չեն հասկանում մի պարզ բան, որ այս քաղաքակրթական տեկտոնական սալերի շփման հատվածում միշտ եղել է պատերազմ և այստեղ խաղաղության հասնելու միայն մեկ ձև կա՝ հավասարակշռել թշնամուն։ Այլ ելք չկա։ Հիշում եք՝ եղան մարդիկ՝ շահամոլներ կամ գուցե մտավոր խնդիրներ ունեցողներ, որ ասացին՝ հրաժարվենք Արցախից, բայց հետո տեսան, որ երբ դու թույլ ես, թուրքը գալիս է քո հետևից։ Երբ թուրքական յաթաղանը սկսի գործել, նա իշխանասեր ու ընդդիմադիր չի նայելու, բոլորին մի գերեզմանում է թաղելու»։

Ռազմական պատմաբանը վստահ է՝ միակ ելքն անձամբ ուժեղանալն է, որի ուղղությամբ, սակայն, լուրջ քայլեր չեն նկատվում․ «Վերջին օրերին մեծ ծախսեր ենք անում տոնածառերի ու քաղաքի տոնական լուսավորության համար այն դեպքում, երբ մեր զինված ուժերում ամենաանհրաժեշտի կարիքը կա։ Սա, մեղմ ասած, ողջունելի չէ։ Պատերազմն այս պահին էլ կախված է միջազգային իրադրությունից։ Հուսանք՝ միջազգային խաղացողների ուժերի կոնսենսուսը ամեն դեպքում կզսպի Ալիևին, և նա չի հարձակվի մեզ վրա»։

Անդրադառնալով հարցին, թե որքանով է այս պահին պատերազմի պատրաստ հայոց բանակը՝ Մհեր Հակոբյանը նշեց․ «Ցավոք, հայոց բանակն այս պահին լավ մարզավիճակում չէ։ Ցավոք։ Միակ հույսը Ֆրանիայի՝ փոքր-ինչ կոշտացած վերաբերմունքն է, և զգացողությունը, որ ուկրաինական պատերազմը եթե նույնիսկ չի ավարտվում, ապա կորցնում է իր թեժությունը․ նոյեմբերի 15-ից հետո ակտիվությունն էապես նվազել է, կողմերը նույնիսկ ակնարկում են բանակցությունների մասին։ Եթե այս միջազգային բևեռային լարվածությունը վերջանա, թերևս, նոր իրականություն կունենանք, բայց գիտեք՝ մե՛նք պիտի ուժեղ լինենք»։

Ռազմական պատմաբանը հիշեցրեց, որ Իսրայելն իր դոկտրինում դրել է․ «Ամերիկան մեր դաշնակիցն է, բայց այն կարող է մի օր չլինել»։ Հիմա մենք պիտի մեր ռազմավարությունը կառուցելիս նկատի ունենանք՝ եթե նույնիսկ այս պահին մեր դաշնակիցն են ԱՄՆ-ն Ֆրանսիան, Ռուսաստանը, ի՞նչն ենք անելու, եթե մի օր նրանք չլինեն։ Սեփական ուժերի վրա հույսը դնելը պետականաշինական մակարդակում հանգեցնում է առավել արդյունավետ գործելուն»,- նշեց Հակոբյանը։

Կարմեն Մարտիրոսյան