Կամավորներ Վահագն Մաթոսյանի և Մարիա Խաչատրյանի օրագիրը

Ներքին 2 տարի առաջ - 20:00 27-11-2022
Վահագն Մաթոսյանի ու Մարիա Խաչատրյանի հարսանիքից մեկ ամիս էր անցել, երբ սկսվեց պատերազմը։ Կամավորագրվեցին նորապսակներն ու մինչև պատերազմի ավարտը ծառայեցին առաջնագծում ու թիկունքում։

«Հետաքրքիր էր,- ժպտում է Վահագնը` պատմելով կրակի տակ առաջադրանքը կատարելու, ահաբեկիչների խմբերի, թուրք հատուկ ջոկատայինների դեմ կռիվ տալու դրվագները,- ամեն օր մի աստիճան ավելի բարդ էր, կարծես համակարգչային խաղի հերթական մակարդակն անցնեիր»։

Պատերազմի ծանր ավարտը, սարսափելի կորուստները չկարողացան կոտրել երիտասարդներին. նրանք շարունակեցին աշխատել` զուգահեռաբար զինվոր լինելով, պատրաստվելով սպասվող պատերազմին։

Վաճառեցին հարսանեկան զարդերն ու զենք գնեցին, ընկերների հետ հիմնեցին ու կառուցում են «Ազատազեն» հրաձգարանը՝ շարունակելով բարձրացնել սեփական մարտունակությունը։

Չվարանեցին մտածել պատերազմող երկրում զավակներ ունենալու մասին։ Եվ շուրջ մեկ տարի առաջ լույս աշխարհ եկան Լևոնն ու Շանթը` նոր լույս բերելով իրենց ու մեր կյանք։

«Հիմա իրենք գայլեր են, գելխեղդներ,- ասում է Վահագնը,- ես ամեն ինչ կանեմ, որ իրենք սիրեն զենքը»։

Ու իրենք արդեն սիրում են Վահագնի` պատերազմի պատրաստ ուսապարկով խաղալ. երբ հայրիկը սենյակից տանում է ուսապարկը, լալիս են, պահանջում հետ բերել` հրաժարվելով գույնզգույն խորանարդիկներից, գնդակներից ու օղակներից։

Մարիան պատմում է թիկունքի մասին, պատերազմ ճանապարհելու ոգու կարևորության մասին, պատերազմ ճանապարհելուն հետզհետե վարժվելու անհրաժեշտության մասին` նշելով, որ Ջերմուկի մարտերին Վահագնին ճանապարհելն ավելի դյուրին էր. կարծես իրենք արդեն սովորել էին, գիտեին, որ նա որոշել է ու գնալու է...

Խորհելով պատերազմի դասերի մասին` նա ժպտուն ամփոփում է` պետք է իրար շատ սիրել...

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված