1927 թվականի նոյեմբերի 18-ին ծնվել է խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ Էլդար Ռյազանովը։
Ռեժիսոր, ով արդեն լեգենդ էր կենդանության օրոք, ում ֆիլմերն անվերջ նայում էր Խորհրդային միության բազմամիլիոն, բազմազգ, բազմաճաշակ, բազմամշակույթ ու բազմալեզու ժողովուրդը և այնտեղ փնտրում, գտնում, տեսնում էր ինքն իրեն։ Մենք բոլորս հուզվում, ծիծաղում, մտահոգվում, ցավում, տառապում, երջանկանում ու ապրում էինք ռյազանովյան կինոհերոսների ճակատագրով։ Ռյազանովն այն կինոռեժիսորներից է, որի ոչ մի ֆիլմը հնարավոր չէ առանձնացնել, գերագնահատել կամ թերագնահատել։ Նրա բոլոր ֆիլմերը սիրելի են։ Տաղանդավոր այս կինոռեժիսորին ու նրա մարդկային տեսակը բացահայտող մի պատմություն ենք այսօր ներկայացնում ձեզ, որը 1980 թվականին գրել է հենց ինքը` Ռյազանովը։

«Մենք Վիսոցկու հետ ընկերներ չէինք. ճանաչում էինք իրար, համակրանքով էինք վերաբերվում միմյանց, քիչ էինք հանդիպում, շատ հազվադեպ: Բայց մի անգամ մի դեպք եղավ, որը ես կպատմեմ, թեև այնտեղ ես այնքան էլ լավ կողմից չեմ երևում։
1969 թվականին ես մտադիր էի ֆիլմ նկարահանել Ռոստանի հայտնի «Սիրանո դե Բերժերակ» պիեսի հիման վրա։ Շատ դերասանների փորձեցի, շատ տաղանդավորներ մարդկանց։ Բայց ինչ-որ բան ինձ չէր բավարարում։ Այնպիսի զգացողություն էր, որ ես ստեղծում եմ գրական հայտնի գործի, ասենք, քսանյոթերորդ էկրանավորումը։ Այդ ժամանակ մի միտք ծագեց. հետաքրքիր կլինի, եթե 17-րդ դարի ֆրանսիացի պոետի գլխավոր դերը խաղա մեր ժամանակակից բանաստեղծը։ Եվ ես այդ դերն առաջարկեցի Եվգենի Եվտուշենկոյին։ Նա մեծ հետաքրքրությամբ արձագանքեց իմ առաջարկին։ Նախկինում նա դեռ երբեք չէր նկարահանվել և այս միտքը նրան շատ գայթակղիչ թվաց։ Եվ մենք կինոփորձ արեցինք։ Հետաքրքիր ստացվեց ու շատ հաջող։ Ինձ թվում է` պատճառը հենց այն էր, որ բանաստեղծը բանաստեղծին էր խաղալու։ Եվտուշենկոն Սիրանոյի դերում շատ յուրօրինակ էր։ Նա, իհարկե, նման չէր Ռոստանի պիեսի այն թռվռացող-մենամարտիկին։ Ո՛չ, դա բոլորովին այլ կերպար էր, գուցե ավելի ծանրակշիռ ու ծանրաշարժ, բայց և ավելի նշանակալից: Մի խոսքով՝ ես պատրաստվում էի այդ ֆիլմի նկարահանմանը...

Եվ հենց այդ ժամանակ ես և կինս, հիմա չեմ հիշում, թե որ թատրոնում էինք, հանկարծ տեսանք, որ Վլադիմիր Վիսոցկին և Մարինա Վլադին նստած էին մեր դիմացի շարքում։ Վոլոդյան շրջվեց ու բարևեց։ Ընդհանրապես մեզ մոտ ընդունված է (դե նաև ես տարիքով ավելի մեծ էի), որ դերասանները ռեժիսորներին դիմում են «դուք»-ով, իսկ ռեժիսորները դերասաններին՝ «դու»-ով։ Եվ նա ասում է. «Էլդար Ալեքսանդրովիչ, ճի՞շտ է, որ պատրաստվում եք նկարել «Սիրանո դե Բերժերակը»»։
Ես ասում եմ` «Այո»: Նա` «Ես շատ կուզեի փորձել այդ դերը»: Ես ասում եմ. «Գիտես, Վոլոդյա, ես չեմ ուզում այս դերում դերասանի նկարահանել, այլ բանաստեղծի»:
Իհարկե, ես անհավանական աննրբանկատություն թույլ տվեցի, քանի որ Վոլոդյան երկար տարիներ գրում էր ինձ։ Իրականում, նա ինձ հայտնի էր իր վաղ շրջանի «գողական», ժարգոնով, ճամբարային, փողոցային երգերով։ Նա դեռ չէր ստեղծել իր այն գործերը, որոնցով անուն հանեց, ստեղծեց իր փառքը՝ իրական, խոշոր, մեծ։ Այդ երգերը դեռ պետք է ծնվեին ապագայում։
«Բայց ես էլ եմ գրում»,- ասաց նա ամաչելով։ Ինքս ինձ մտածեցի. «Այո, իհարկե, և շատ համակրելի երգեր: Բայց մեծ հաշվով, դա դեռ պոեզիա չէ»։ Բայց ոչինչ չասացի:
Ես նրան վերաբերվում էի մեծ հարգանքով և որպես արտիստի, և ընդհանրապես նա չափազանց համակրելի էր ինձ։ Եվ մենք պայմանավորվեցինք, որ կինոփորձ կանենք։

Փորձեցինք, նա շատ կրքոտ, շատ բուռն խառնվածքով ներկայացավ։ Նկարահանեցինք փորձը։ Ցավոք սրտի, այն չպահպանվեց. ի դեպ, ինչպես նաև Եվտուշենկոյի կինոփորձը չի պահպանվել։ Հետո իմ ֆիլմը փակեցին ու դա արվեց կոպիտ, կատեգորիկ, բռնապետորեն։ Ես ցնցված էի այնքան, որ չմտածեցի նկարված կինոփորձերը պահելու մասին։ Ի դեպ, ես այն ժամանակ նույնիսկ չգիտեի, որ դրանք ոչնչացվում են։ Այդ մասին ես իմացա տարիներ անց, երբ կրկին ուզում էի անդրադառնալ Սիրանո դե Բերժերակին: Այդ ժամանակ միայն հասկացա, թե որտեղ է ամեն ինչ անհետանում:
«Ձեռագրերը չեն այրվում», - վստահեցնում էր Մ. Բուլգակովը։ Կարծում եմ, որ նա իրավացի է միայն այն դեպքում, եթե ձեռագրերը (կամ կինոժապավենները) պահվում են քո տանը, ոչ թե պետական գրասենյակում:
Այնուամենայնիվ, Վիսոցկու Սիրանոյի գրիմով լուսանկարները պահպանել էր նրա մայրը:
Բոլոր դեպքերում, ցավը, որ ես հասցրի Վիսոցկուն, հարաբերական էր, քանի որ ֆիլմն ընդհանրապես չկայացավ։ Ուրիշ բան, որ ես հակված էի այս դերի համար վերցնել Եվտուշենկոյին։ Եվ ֆիլմը փակվեց հենց այդ պատճառով։ Այդ ընթացքում Եվգենի Ալեքսանդրովիչը հերթական սուր քննադատությամբ էր հանդես եկել, և ինձ ասացին՝ «Կամ հրաժարվում ես Եվտուշենկոյից, կամ փակում ենք ֆիլմը, իսկ մտածելու համար քեզ տալիս ենք քսանչորս ժամ»։
Ես չհրաժարվեցի Եվտուշենկոյից, և ֆիլմը փակվեց մեկ օր անց։ Վիսոցկին, հավանաբար, ինչ-որ բան գիտեր այս մասին, կամ չգիտեր: Ամեն դեպքում, ֆիլմը չկայացավ։ Եվ ոչ ոք այս դերը չխաղաց։
Սակայն կար ևս մի հանգամանք, որի պատճառով Վիսոցկին չէր կարող խաղալ Սիրանոյի դերը։ Պիեսի գլխավոր դրվագներից մեկը կառուցված էր այնպես, որ սիրահարված Քրիստիան դե Նևիլետը՝ Բերժերակի ընկերն ու մրցակիցը, կանգնած Ռոքսանայի պատշգամբի տակ, չէր կարողանում հորինել ոչ մի սիրառատ բանաստեղծություն։ Ու այդ ժամանակ, Ռոքսանայի համար անտեսանելի, պատշգամբի տակ թաքնված Սիրանոն սկսում է հանպատրաստից հանգավորված սիրո խոստովանություններ հորինել Քրիստիանի անունից ու նրա փոխարեն: Իսկ Ռոքսանան կարծում է, որ այդ սքանչելի բանաստեղծությունները գրում է իր ընտրյալը` դը Նևիլետը։ Եթե հաշվի առնենք Վիսոցկու յուրահատուկ ու անկրկնելի ձայնը, ապա Ռոքսանան կամ պիտի խուլ լիներ, կամ ապուշ։ Կամ մենք պետք է Վիսոցկու փոխարեն ձայնագրեինք ուրիշ մեկի սովորական ձայնը, ինչը մառազմի կվերածվեր։ Բայց խնդիրն այլ կերպ լուծվեց. պարզապես արգելեցին ֆիլմը նկարահանել...
Այս դեպքից մի քանի տարի անց իմ ընկերը՝ սցենարիստ, դրամատուրգ և բանաստեղծ Միխայիլ Լվովսկին, ով Վիսոցկու երկրպագուներից է, պաշտում և հավաքում է Վիսոցկու հետ կապված ամեն ինչ, ինձ մի արքայական շքեղ նվեր տվեց. դրանք ձայներիզներ էին` Վիսոցկու ութ ժամանոց ձայագրությամբ։ Դա, կարծեմ, արդեն 1976 թիվն էր։ Ես արձակուրդին գնացել էի հանգստյան տուն։ Եվ ամեն օր «մեռյալ ժամին» միացնում էի մագնիտոֆոնը` Վիսոցկու երգերով ու բացահայտում ինձ համար մի գեղեցիկ, խելացի, հեգնական, նուրբ, քնարական, բազմակողմանի բանաստեղծի։ Սկզբում ես լսում էի սենյակում միայնության մեջ։
Հետո մագնիտոֆոնը տարա աստիճանավանդակ, ու ամեն օր «մեռյալ ժամին» ոչ ոք չէր քնում՝ ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ էին հավաքվում։ Մի քանի օր անց ամբողջ հանգստյան տունը մագնիտոֆոնի կողքին էր։ Քսանչորս օրը ես ու շատ-շատերը անցկացրեցինք Վիսոցկու երգերի ուղեկցությամբ, որոնք համընդհանուր հիացմունք էին առաջացրել։ Դա լռություն էր, որի մեջ Վիսոցկու գեղեցիկ ձայնը որոտում էր, սուլում էր, տառապում, ծիծաղում...

Ես Մոսկվա եկա ցնցված։ Եվ այդ պահից սկսած ես դարձա Վիսոցկու անխախտ, անվերապահ, ցմահ ու ընդմիշտ երկրպագուն: Ժամանելուն պես զանգահարեցի նրան և ասացի. «Վոլոդյա, դու չես պատկերացնում, թե ինչ երջանկություն ես պարգևել ինձ, ես 24 օր քո կողքին եմ եղել, լսել եմ քո երգերը, դու հիանալի բանաստեղծ ես, դու գեղեցիկ ես, ես պաշտում եմ քեզ»։ Ես նրան ամենաջերմ խոսքերն ասացի ու դրանք լիովին անկեղծ էին։ Նա ծիծաղեց ու գոհ ասաց. «Հիմա ինձ կվերցնեի՞ք Սիրանոյի դերի համար»: Ես պատասխանեցի. «Հիմա՛ կվերցնեի»։
Երկուսս էլ ծիծաղեցինք ու անջատեցինք հեռախոսը...»։
Նաիրա Եղիազարյան