«Եկամուտների հայտարարագրման ինսիտուտը որպես այդպիսին դրական երևույթ է, հնարավորություն է տալիս ընդհանուր տնտեսության իրավիճակը ճիշտ պատկերացնել, բնակչության կենսամակարդակի մասին ամբողջական պատկերացում ունենալ և դրան համապատասխան սոցիալական քաղաքականություն վարել»։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ խոսելով համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին։
Հիշեցնենք՝ երեկ Կառավարության նիստում որոշվեց, որ ՀՀ-ում 2023-ից ներդրվում է համընդհանուր հայտարարագրման համակարգը, հայտարարագիր չներկայացնողները կտուգանվեն 20-300 դրամով։
Տնտեսագետի խոսքով՝ մեր բնակչությանը պետք է տրամադրվի օգնություն, որպեսի քաղաքացիները կարողանան հայտարարագրել իրենց ունեցվածքը։
«Օրինակ՝ հիմա կան մարդիկ, ովքեր նպաստ են ստանում, բայց զուգահեռ վարկեր ունեն, մեծ քանակությամբ վարկեր են մարում, դրսից մեծ գումարներ են ստանում և այլն։ Որպես ինսիտուտ՝ հայտարարգրման ինսիտուտը շատ կարևոր է, և ցանկացած երկիր պետք է ձգտի դրան։ Խնդիրը նրանում է, թե Հայաստանի բնակչությունը որքանով է դրան պատրաստ, որովհետև դա ներդնելու համար անհրաժեշտ է նաև իրազեկման որոշակի աշխատանք, նաև օգնություն մարդկանց, որ այդ հաշվետվությունները կազմեն, ներկայացնեն»։
Խոսելով այլ երկրների փորձից՝ տնտեսագետը նշեց. «Օրինակ՝ զարգացած երկրներում մարդի վարձում են հաշվապահներ՝ այդ հաշվետվությունները ներկայացնելու համար, մեզ մոտ այդ հնարավորությունը մեծ մասը չունեն, և դա պետք է գնահատել և պետությունը այդ ծառայությունը իր կողմից պետք է ներկայացնի, կամ այլ մոտեցումներ գտնի, ինչպես նաև գտնի, թե դրսից տրանսֆերներ ստացող մարդկանց եկամուտներն ինչպես է դիտարկելու, օրինակ՝ դրսից տրանսֆերները հարկվելո՞ւ են, թե՞ չեն հարկվելու, կամ որքան գումարն է դիտվելու չհարկման շեմ»։
Ըստ տնտեսագետի՝ համընդհանուր հայտարարագրի անցնելու դեպքում պետք է վերանայվի նաև մեր հարկային օրենսգիրքը։
«Այստեղ մենք պետք է հարկային օրենսգիրքը նաև վերանայենք, մենք մեր հարկային օրենսգրքում, օրինակ, չունենք չհարկվող շեմ հասկացություն, իսկ զարգացած երգրներում կա չհրակվող շեմ, օրինակ՝ ԱՄՆ-ում 21000 դոլար տարեկան եկամուտը չի հարկվում, դրանից ավելին է հարկվում, այսինքն՝ այս ամենին զուգահեռ նաև պետք է հարկային օրենսգիրքը փոխվի, զուտ հայտարարագրման ինստիտուտը չի կարող ներդրվել»։
Խոսելով պետական պաշտոնյաների եկամուտների հայտարարագրումից՝ Պարսյանն ասաց․ «Պետական պաշտոնյաների ցուցակը հստակ նշված է, և պաշտոնյաները, ովքեր չեն ներկայացնում հայտարարագրում, նրանց նկատմամբ որոշակի վարույթ է սկսվում՝ նկատողություն, վարչական տուգանք և այլն, և այլն։ Այնպես չէ, որ Հայաստանում պաշտոնյաները, ովքեր պարտավոր են հայտարարագրեր ներկայացնել, չեն ներկայացնում։ Կարող է ուշացնում են, ձգձգում են, տեղեկատվությունը, միգուցե, ամբողջական չէ, որովհետև մեր շատ պաշտոնյաներ նույնիսկ այս պարզ լրացման ձևը չգիտեն և չեն հասկանում։ Ես գիտեմ դեպքեր, երբ պաշտոնյաները շփոթում են իրենց վերցրած վարկը աշխատավարձի հետ և միասին են հայտարարագրում և այլն, և այլն»։
Պարսյանը ընդգծեց, որ մեր պաշտոնյաներից շատերը նույնիսկ չունեն հայտարարագրման մասին գիտելիքներ, ուր մնաց հասարակ քաղաքացիները բավարար գիտելիքներ ունենան։
«Այսինքն՝ ակնհայտ է՝ մեր պաշտոնյաները իրենք չունեն այդ գիտելիքները այս պահին, դիմում են ինչ-որ մարդկանց, որ լրացնեն իրենց փոխարեն։ Հիմա բնակչությանը այս ֆոնին ներգրավել դրանում, կարծում եմ, ժամանակավրեպ է։ Մենք պետք է ձգտենք փուլ առ փուլ պետական աշխատողներին, հետո համայնքային աշխատողներին, փուլերով գալ դրան»։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ այս հայտարարագրումն էլ շատ այլ նախագծերի նման չիրականանա, հասնի հայտարարագրման իրականացման ժամանակը և էլի անժամկետ հետաձգվի, Պարսյանը պատասխանեց. «Հնարավոր է, որովհետև այստեղ շատ կարևոր է ոչ միայն հայտարարագրման ինստիոտուտը, այլև դրա վերահսկողությունը, Կառավարությունը ի վիճակի է նման վերահսկողական մեխանիզմներ իրականացնել, կկարողանա վերահսկել, օրինակ՝ x անձը հայտարարագրել է եկամուտը ավել-պակաս դա իրոք այդպես է, այսինքն՝ այստեղ նաև հարկային վարչարարության հարց էլ է առաջանում։ Արդյոք ՊԵԿ-ը ի վիճակի է այդպիսի մեծ ծավալով հարկային վարչարարություն իրականացնել, օրինակ՝ ստուգի գյուղատնտեսությունից եկամուտ ունեցել են, թե ոչ»։