«Ես միշտ ուտում եմ ամբողջ հոգով». Կլոդ Մոնեն և խոհանոցը
copy image url

«Ես միշտ ուտում եմ ամբողջ հոգով». Կլոդ Մոնեն և խոհանոցը

Մշակույթ 2 տարի առաջ - 23:05 15-11-2022
Ֆրանսիացի գեղանկարիչ Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» շարքը տեսել են բոլորը։ Չքնաղագույն ծաղիկներով 250 յուղաներկ աշխատանքները նկարիչը ստեղծել է Փարիզից 80 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ նորմանդական գյուղի` Ժիվերնիայի վարդագույն տանը։

Իր պարտեզի ջրաշուշաններից ոգեշնչված նկարիչը օրվա տարբեր ժամերին նկարակալի առջև անմահացնում էր հերթական հրաշք-ծաղիկը։



«Գեղանկարչությունից և այգեգործությունից բացի՝ ես ոչնչի պիտանի չեմ»,- ասում էր իմպրեսիոնիզմի հիմնադիրներից Կլոդ Մոնեն։

Նրա բոլոր ընկերներն ու բարեկամները գիտեին, որ որ Մոնեի համար լավագույն նվերը էկզոտիկ բույսերի սերմերի փոքրիկ փաթեթն է։ Նրանք շատ լավ գիտակցում էին, թե պարտեզն ու այնտեղ աճող բուսականությունը ինչ դեր ունեն Մոնեի կյանքում։ Սակայն նկարչի համար այգին միակ ոգեշնչման վայրը չէր։ Նա սիրում ու առանձնակի կարևորություն էր տալիս նաև ճաշասենյակին ու խոհանոցին, որոնք հենց ինքն էլ նախագծել ու ձևավորել էր։

Խոհանոցի համար Մոնեն ընտրել էր սպիտակ և կապույտ երանգները, իսկ ճաշասենյակում՝ դեղին գույնն ու ճապոնական փորագրությունները։



Այգեգործությունից բացի Մոնեի մյուս «թուլությունը» խոհանոցն էր։ Նա սիրում էր համեղ ուտել ու հետաքրքված էր խոհարարությամբ. «Ես միշտ ուտում եմ ամբողջ հոգով, ու դա երբեք ինձ ոչ մի վնաս չի պատճառել»։

Կլոդ Մոնեն նախընտրում էր պարզ սնունդ։ Նախաճաշին նա սիրում էր ձվածեղ` տնական հավի ձվով, բեկոն, նարնջի ջեմով տոստ և թեյ: Մի քանի ժամ աշխատելուց հետո նա 11:30-ին ճաշում էր։ Ճաշի ժամը անփոփոխ էր և չէր խախտվում, քանի որ ժամանակը սուղ էր. դեռ պետք է կարողանար մինչև արևամուտը նկարել բաց երկնքի տակ։

Սա սովորական օրերին էր, իսկ յուրաքանչյուր կիրակի Ժիվերնիայի գեղեցիկ տանը հյուրընկալվում էին Մոնեի բոլոր մտերիմները։ Ճաշի հրավիրվածների մեջ, ընտանիքի անդամներից բացի, նաև Սեզանն էր, Ռոդենը, Ռենուարը, Պիսսարոն։

Մարգարիտան` Մոնեի խոհարարը, սեղանը լցնում էր խոհարարական գլուխգործոցներով, որոնք նախապես համաձայնեցնում ու մանրակրկիտ քննարկում էր տանտիրոջ հետ։ Խոհարարը հիշում է. ««Պարոն Մոնեն բավականին շատ էր ուտում, բայց ամեն ինչ չէ, որ ուտում էր։ Նա ուներ խոհարարական գրքերի մի մեծ հավաքածու։ Այդ գրքերը նա երկար թերթում էր՝ փնտրելով ինչ-որ նոր ուտեստի բաղադրատոմս, որը հետո խնդրում էր ինձ պատրաստել: Օրինակ, նա շատ էր սիրում սունկ, հատկապես երբ դրանք պարոն Միշելն էր հավաքում անտառում։ Նա նաև սիրում էր ծնեբեկ. միայն թե` ոչ լավ եփված, այլ կիսաեփ»։



Իսկ նկարչի (խորթ) որդին` Ժան Պիեր-Օշեդեն իր հուշերում պատմում է. «Նա սիրում էր աղցանները ինքնուրույն համեմել, բայց դուք պետք է տեսնեիք, թե նա ինչպես էր դա անում։ Մի լիքը ճաշի գդալ մանրացված պղպեղը, նույնքան կոշտ աղը լցնում էր ձիթապտղի յուղի մեջ, ավելացնում էր մի քանի կաթիլ գինու քացախ ու դա առատորեն լցնում աղցանի վրա։ Աղցանի տերևները պղպեղից սևանում էին։ Այդպիսի աղցան միայն Մոնեն ինքը կարող էր ուտել և մեկ էլ իմ քույր Բլանշը, քանի որ նա սիրում էր այն ամենը, ինչ սիրում էր Մոնեն»:



Հայտնի նկարիչը երբեք չէր կանգնել գազօջախի առաջ ու ոչինչ ինքնուրույն չէր պատրաստել, բայց իր սիրած կերակրատեսակների բոլոր բաղադրատոմսերը Մոնեն խնամքով գրառել էր իր նոթատետրում, որը պահպանվել է մինչ օրս։

Ի դեպ, հենց սրա հիման վրա էլ 1990 թվականին հրատարակվեց «Մոնեի խոհանոցային գիրքը», որը նկարազարդված է հեղինակի կտավներով։ Գիրքը ներառում է 60 բաղադրատոմս՝ սպիտակ գինու մեջ շոգեխաշած տափակաձկից մինչև կարտոֆիլի կարկանդակ և ելակի մուսս։ Ականատեսների վկայությամբ՝ ֆրանսիական խոհանոցի 60 նրբահամ ուտեստներից ամենասիրելին Մոնեի համար եղել են պիստակով տորթը և շագանակով թխվածքաբլիթները։



Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված