Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին չի թելադրում խաղաղության պայմանագրի պայմանները
copy image url

Նեդ Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին չի թելադրում խաղաղության պայմանագրի պայմանները

Արտաքին 2 տարի առաջ - 11:42 09-11-2022
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Վաշինգթոնը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի հասնելու ջանքերին։ Ինչպես փոխանցում է Ամերիկայի ձայնը, Փրայսը նշել է, որ կողմերի միջև շարունակվող ուղիղ երկխոսությունը հիմնախնդիրների լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու բանալին է:

Փրայսը հայտնել է, որ ԱՄՆ-ի դերն այս գործընթացում խաղաղության բանակցությունների ակտիվացումն է։ «Երեկվա հանդիպման հետ կապված մենք պայմաններ ենք ապահովել նախարարների հանդիպման համար, որը տեղի ունեցավ Բլեր Հաուսում։ Սեպտեմբերին մենք հանդիպում կազմակերպեցինք նաև Նյու Յորքում»,- ասել է նա։

Վերջինս նաև հավելել է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը գործընթացին չի նշանակում, որ իր երկիրը փորձում է որևէ համաձայնագիր պարտադրել կողմերին։ Նրա խոսքով՝ Վաշինգթոնը կողմերի համար հնարավորություն է ստեղծում, որպեսզի վերջիններս կարողանան բացահայտել առկա տարաձայնությունները և փորձել հաղթահարել դրանք։

«Կարծում եմ, որ երեկվա հանդիպումը դրական ազդեցություն ունեցավ բազմաթիվ տարաձայնությունների վերհանման վրա, և, ի վերջո, նրանք կարողացան պայմանավորվել շարունակելու դիվանագիտությունը, ուղիղ երկխոսությունը, դա շատ կարևոր է։ Բայց դա մեր գործը չէ որոշել երկու երկրների միջև համապարփակ խաղաղության բովանդակությունը։ Մենք ստորագրման պատրաստ որևէ փաստաթուղթ նրանց չենք ներկայացնում։ Մեր գործը չէ որոշել, թելադրել ցանկացած խաղաղության պայմանագրի պայմանները»,- ասել է Փրայսը։

Ձեզ գուցե հետաքրքրի