Երեկ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ասաց, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան Արսենյանը:
«Պարոն Արսենյան, շնորհավորում եմ ձեզ, կարծում եմ՝ այն աշխատանքները, որոնք ունենք քաղաքապետարանում և համատեղ պետք է իրականացնենք, ձեր փորձով հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ իրականացնել»,- ասաց քաղաքապետը: Այսօր
Oragir.News-ը փորձեց հասկանալ, թե նախկինում ինչ հաստիկ է զբաղեցրել Արսենյանը, ինչ կրթություն ունի։
Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը
Oragir.News-ին փոխանցեց. «Եթե չեմ սխալվում քաղաքապետարանում է աշխատել, անկեղծ ասած ինֆորմացիա չունեմ։ Իմ համար անակնկալ էր այդ անունը, քանի որ այլ մարդու անուն էր շրջանառվում»։
Հետաքրքրվեցինք Խաչատրյանից, իսկ ո՞ւմ անունն էր շրջանառվում, Խաչատրյանը չպատասխանեց՝ ասելով, որ էլ արդեն էական չէ, նշանակվել ավարտվել է։
Երևանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանն էլ նշեց, որ իրեն նույնպես անծանոթ է Վահան Արսենյանը. «Ինձ նույնպես անծանոթ է, ես չեմ ճանաչում՝ նա ով է։ Մինչ օրս չեմ առնչվել նման մարդու հետ»։
Հարցրինք Աբգարյանին, իսկ ձեզ կենսագրությունը չի ներկայացվել, Աբգարյանը պատասխանեց. «Ավագանուն առհասարակ չի ներկայացվում նման պաշտոնները, մեզ դա չի վերաբերում, դա քաղաքապետի տիրույթում է։ Մենք միայն փոխքաղաքապետերին ենք ընտրում»։
Քաղաքապետարանի լրատվության բաժնից էլ Լևոն Սարդարյանը
Oragir.News-ին ասաց, որ տեղեկություն Արսենյանի մասին չի կարող տալ, քանի որ չունի, փոխարենն ասաց, որ ավելի ուշ ինքնակենսագրական տվյալները հասանելի կլինենք քաղաքապետարանի պաշտոնական էջում, այնտեղից կարող ենք ծանոթանալ։