«Մի բան գրեցինք, կրակն ընկանք, ախպե՛ր». մի բալլադի պատմություն
copy image url

«Մի բան գրեցինք, կրակն ընկանք, ախպե՛ր». մի բալլադի պատմություն

Մշակույթ 2 տարի առաջ - 22:30 03-11-2022
Հայ գրականության մեջ քիչ կան ստեղծագործություններ, որոնք մեծից փոքր բոլորը կարդացել են։ Այդ «բախտավորներից» մեկը Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադն է, որի ծագումը ժողովրդական է։

Թումանյանն ինքն է ասել, որ այս պատմությունը լսել է Դսեղ գյուղում իր քեռի Իսայուց։ Բանաստեղծն այն թղթին է հանձնել 1886 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Դա Ներսիսյան դպրոցից հեռանալու տարին էր։ Այնուհետև՝ մի քանի բազմաթիվ փոփոխություններ ու շտկումներ անելուց հետո, 1889-ին Թումանյանը իր բալլադը տարել է «Մուրճի» խմբագրություն` տպագրելու, սակայն խմբագիր Ավետիք Արասխանյանը հրաժարվել է տպել։

Այս պատմությունը Հովհաննես Թումանյանը, հետագայում մի քիչ փոփոխելով, նկարագրել է իր «Պոետն ու մուսա» պոեմում.

Ու գընացի խըմբագրատուն։
―Տեր խըմբագիր, պոետ եմ նոր,
Բերել եմ ձեզ ոտանավոր.
Ահա կարդամ ակա՛նջ դըրեք,
Ձեր հանդիսում տեղավորեք։

Խմբագիր Արասխանյանը, ինչպես Վարդգես Ահարոնյանն է իր հուշերում գրում, «եվրոպական կրթություն ստացած, վերին աստիճանի քաղաքավարի և մի քիչ էլ չափից ավելի բարեմիտ, բայց գրական խեղճ ճաշակով մարդ էր։ Հակառակ իր բարեկրթության՝ Ա.Արասխանյանը հուզվել, վրդովվել է, որ վարդից և սոխակից դուրս ուրիշ բաներ էլ, և այն էլ շուն ու կատվի նման բաներ կարող են բանաստեղծության նյութ դառնալ։

- Տարօրինակ բան. ինչպե՞ս կարելի է շան և կատվի մասին բանաստեղծություն գրել։ Փորձեցեք մի քիչ ավելի հարմար նյութեր ընտրել պարոն,- ասել է վրդովված խմբագիրը և Թումանյանին վերադարձրել «Շունն ու կատվի» ձեռագիրը։

Այս մասին Թումանյանը 1916 թ. Ց. Խանզադյանին հղած նամակում գրում է. ««ՇուննուԿատուն» եթե իմ առաջին գրքում չկա, պատճառը հանգուցյալ Արասխանյանի զարմանքն է, որ նա հայտնեց ինձ 1889 թվականին, երբ տարա նոր «Մուրճում» տպագրելու: Կարդաց, շատ զարմացավ և հարցրեց, թե` ասացեք խնդրեմ` շուն ու կատու և բանաստեղծություն, սրանք ինչ կապ ունեն իրար հետ, էն էլ էս տեսակ վայրենի լեզվով...»:

Այս դեպքից տասը տարի անց, երբ «Շունն ու կատուն» արդեն տպագրվել էր, նույն Ահարոնյանի հավաստմամբ` Կովկասում ու հատկապես Թիֆլիսում չկար դպրոցական տարիքի մի մանուկ, որը կարդացած չլիներ կամ անգիր չարտասաներ Թումանյանի «Շունն ու կատուն»։

Թումանյանին հյուրընկալող յուրաքանչյուր տանտեր շտապում էր բանաստեղծին ներկայացնել իր զավակներին, թե «գիտե՞ք, սա այն հորեղբայրն է, որ գրել է «Շունն ու կատուն»։

Վարդգես Ահարոնյանը հիշում է Թումանյանի արձագանքը.

«-Մի բան գրեցինք, կրակն ընկանք, ախպե՛ր,- ծիծաղելով գանգատվում էր Հովհաննես Թումանյանը։ Ուր որ գնում եմ, հերն ու մերը բերում են իրենց երեխեքը և ասում. «Սուրե՛ն, Լևո՛ն, Աստղի՛կ. գիտե՞ք ով ա եկել մեր տունը` «Շունն ու կատուն» գրողը։ Էս հորեղբայրն ա գրել «Շունն ու կատուն»։

Մին, մին էլ պատահում ա, որ էնքան են վռազում, որ էլ չեն ասում «Շունն ու կատուն» գրող հորեղբայրն ա եկել, այլ թե` «շու՛տ, շու՛տ, էկե՛ք, երեխե՛ք. «Շունն ու կատուն ա եկել»։

Էսպես էլ խայտառակություն»...

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի