Ելնելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային հակազդելու և Արցախին պարտադրվող ադրբեջանական մեկուսացումը ճեղքելու հրամայականից, ինչպես նաև Արցախյան հակամարտության շարունակական միջազգայնացումն ապահովելու և առհասարակ Հայ դատի համակարգի կողմից հայկական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելություն է ժամանում Հայաստան՝ 2022թ․ հոկտեմբերի 31 - նոյեմբերի 4-ը։
Պատվիրակության կազմում են Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։ Պատվիրակության անդամներին ուղեկցելու են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, նույն գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, Արցախի Հանրապետության պատվիրակության, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Նոյեմբերի 2-ին նախատեսված է պատվիրակության այցը Սյունիք, հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելություն ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր և հանդիպում քաղաքացիական բնակչության հետ։
Այցի ավարտին օտարերկրյա հյուրերը հանդես կգան մամուլի ասուլիսով։