Հայաստանում ոչինչ այնքան արագ չի աճում, որքան գները։ Ընդ որում՝ անհասկանալի է, թե ինչու պետք է իքս ապրանքի գինը աճի, ինչն է թանկացել, որն ազդել է գնի ձեւավորման վրա։
Այսօր մեր խմբագրություն դիմած քաղաքացին ահազանգում էր, որ հերթական անգամ խանութ մտնելիս շոկահարվել է մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցած թանկացումներից։
«Առաջին անհրաժեշության ապրանքները այնքան արագ են թանկանում, որ նույնիսկ չեմ հասցնում նախկին գինը մտապահել։ Ես չեմ հասկանում՝ այս երկրում որեւէ կառույց չկա՞, որ մոնիթորինգ անի, վերահսկի, դոլարը, եվրոն էժանանում են, ապրանքները թանկանում են։ Այսօր, օրինակ, Orbit մաստակը, որը գնում էի 140-160 դրամով, գնեցի 200 դրամով, փաստորեն, նույնիսկ մաստակն է թանկացել, խնդիրը մաստակ գնել-չգնելը չէ, գոնե հասկանանք՝ ինչու է թանկանում, վերահսկողություն կա, թե ով ինչ գին ուզում՝ սահմանում է»,-ասաց քաղաքացին։
Ի դեպ, մի քանի սուպերմարկետների կայքերում նույն orbit մաստակն արժեր ընդհուպ 230 դրամ, այսինքն՝ թանկացել է մոտ 40-50 տոկոսով։ Թերեւս պետք է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին խնդրել հնարամիտ լուծում առաջարկել քաղաքացիներին այս թանկացումների դեմ, բացի «ծամոն մի ծամեք»-ից։