Նա ասել է, որ մնում է մեր թիմի անդամ, համակիր․ Օհանյանը՝ խմբակցությունից հեռացած Զաքարյանի մասին
copy image url

Նա ասել է, որ մնում է մեր թիմի անդամ, համակիր․ Օհանյանը՝ խմբակցությունից հեռացած Զաքարյանի մասին

Ներքին 2 տարի առաջ - 11:25 05-10-2022
Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը երեկ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել․ նա այլևս չի լինելու «Հայաստան» խմբակցության անդամ, սակայն, ըստ իր հայտարարության, շարունակելու է մնալ իր թիմի անդամ: Փաշինյանից ներողություն խնդրելու, իր թիմի հետ վերջերս գրեթե չշփվելու մասին լուրերի ու խմբակցությունից հեռանալու մասին իր որոշման ֆոնին՝ այս հայտարարությունն արժանահավատ չի հնչում։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Oragir.news-ի հետ զրույցում նշեց, որ երբ ըստ ընթացակարգի՝ իրավիճակը կհանգուցալուծվի, կհանդիպեն Մխիթար Զաքարյանի հետ և կքննարկեն թիմի կազմում նրա հետագա գործունեությունը։ Հարցին, թե ո՛ր դիրքում նա թիմի կազմում կշարունակի իր աշխատանքը՝ Օհանյանը պատասխանեց, որ դա կորոշվի Մխիթար Զաքարյանի հետ քննարկումներից հետո։ «Ազգային ժողովից դուրս կուսակցության մեջ է լինելու, քաղաքական, կուսակցական գործունեությունը շարունակելու է»,- ասաց Օհանյանը։

Հարցին, թե ինչ խնդիրներ են եղել, որ Զաքարյանը նման որոշում է կայացրել․ լուրեր կային, որ նա վերջին շրջանում գրեթե չի շփվում թիմակիցների հետ՝ Օհանյանը պատասխանեց․ «Սա իր անձնական որոշումն է, որևէ խնդիր մեր խմբակցության ներսում՝ թե պատգամավորների և թե համակիրների միջև գոյություն չունի։ Մխիթար Զաքարյանն իր խոսքի մեջ ասել է, որ ինքն իրեն ավելի արդյունավետ է տեսնում Ազգային Ժողովից դուրս։ Որոշել է խմբակցությունից դուրս գալ, տեղեկացրել է և՛ իր կուսակցության ղեկավարին, և՛ դաշինքի, և՛ խմբակցության ղեկավաարությանը։ Ինքն իր խոսքում ասել է, որ մնում է մեր գաղափարակիցը, համակիրը, թիմի անդամը»։

Արձագանքելով տարածված տեղեկություններին, թե առաջիկայում չի բացառվում, որ Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը հեռանա իրենց թիմից և իշխանամերձ շրջանակներից պաշտոն ստանա՝ Օհանյանն ասաց․ «Արթուր Սարգսյանի հետ մեր հարաբերությունները ցույց են տալիս, որ նա այդպիսի մտադրություն չունի»։

Սա նման չէ՞ դժվար պահին թիմը լքելուն՝ հարցին ի պատասխան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ նման գնահատականի հետ համաձայն չէ՝ կրկին հղում անելով Զաքարյանի հայտարարությանը։ Արթուր Սարգսյանի՝ հեռանալու մտադրության մասին լուրերն էլ, ըստ Խամոյանի, չեն համապատասխանում իրականությանը։ «Նման բան չկա»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը Սյունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարների հետ միասին, ներգրավվել էր քաղաքական գործընթացում, «սյունյաց ողջույններով» դիմավորել Փաշինյանին, բանտարկվել, ստացել պատգամավորական մանդատ «Հայաստան»-ի կազմում, սակայն բանտից դուրս գալուց հետո երկու անգամ ներողություն էր խնդրեց Նիկոլ Փաշինյանից՝ նրան վիրավորելու համար, հանդիպել Ալեն Սիմոնյանին և հիմա էլ, ահա, դուրս եկավ խորհրդարանից:

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումն ԱԺ նախագահի կողմից մակագրվելուց հետո մանդատ կստանա դաշինքի հաջորդ համարը՝ Գառնիկ Դանիելյանը։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի