Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով այսօր ՔԿ տարածած հաղորդագրության մասին, որում նշվում էր, թե Արզումանյանը «Արեգա» բարձունքի գրավումից հետո նահանջի հրաման է տվել։
«Արդեն հայտնել էի, որ քանի որ Միքայել Արզումանյանին անփութություն վերագրելը սպասված արդյունքը չտվեց կոնկրետ մասսաների «կերակրման» մասով, ուստի նրան հիմա էլ դիտավորություն կվերագրեն, որ հետո սկսեն իրենց մանիպուլյացիոն հարցազրույցները և «կտերի տարածումը»։
Պրոցեսը սկսված է։ Հիմա էլ մեղադրում են, թե իբրև հայկական զորքը կռվով հետ է վերցրել «Արեգա» բարձունքը, սակայն Միքայել Արզումանյանը եկել ու հրամայել է, որ այդ բարձունքը թողնեն ու հեռանան, որից հետո թշնամին նորից զբաղեցրել է այն։
Նույնիսկ ավելորդ եմ համարում անդրադառնալ այդ աբսուրդին։
Սակայն հենց մեղադրանքի ձևակերպումից մի հատված կնշեմ, որի համաձայն՝ Միքայել Արզումանյանը, չհանդիսանալով վերջիններիս ուղղակի կամ անմիջական պետը, անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը։
Իրականում, քանի որ Միքայել Արզումանյանն այդ ժամանակ չի հանդիսացել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը և որևէ իրավասություն չի ունեցել այդ անձնակազմին նման հրաման տալու, ուստի չի էլ տվել, իսկ այդ անձնակազմն էլ իրավունք չուներ ենթարկվելու իրեն պետ չհանդիսացող զինվորականի հրամանին։
Հարց է ծագում, որ եթե Միքայել Արզումանյանը որևէ իրավասություն չունենալով՝ նման հրաման է տվել, ապա ինչո՞ւ է անձնակազմը ենթարկվել այդ հրամանին և ինչո՞ւ ըստ կարգի իրենց վերադաս պետերին այդ մասին չեն զեկուցել և ստացել նրանց հրամանը։
Այսքանով կարծում եմ, որ ամեն ինչ ասված է։
Վաղն էլ հնարավոր է մեղադրեն, որ պատերազմն էլ է նրա մեղավորությամբ սկսվել»։