Հայտարարությունից անդին. ինչու է աղմկում ՀՖՖ-ն
copy image url

Հայտարարությունից անդին. ինչու է աղմկում ՀՖՖ-ն

Սպորտ 2 տարի առաջ - 22:07 13-08-2022
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր սերբական «Ցրվենա Զվեզդային»։

Հանդիպման ընթացքում խաղադաշտ ներխուժեցին երկրպագուներ, որոնց ձեռքին Աղավնոյին, ինչպես նաև քաղաքական գործիչներին առնչվող պաստառներ էին։

Հանդիպման հաջորդ օրը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Հայտարարարությունը՝ այստեղ։

Խիստ տարօրինակ է, ըստ ամենայնի, ՀՖՖ-ի պարոնների հետևյալ միտքը. «Կոչ ենք անում լրատվամիջոցներին չտարածել անկարգությունները ներկայացնող տեսանյութերը և լուսանկարները»։ Այս կոչը թերևս ծիծաղելի է, քանի որ հայտարարությունը գրող, մեծ հաշվով, անհայտ անձինք ցանկանում են լրատվամիջոցներին կոնտենտ թելադրելու փորձեր կատարել։ Սա ոչ այլ ինչ է, քան մերկապարանոց մեսիջ։ Ենթադրելի է, որ այսուհետ փաստացի իրադարձությունները լուսաբանած լրատվամիջոցները չեն հավատարմագրվելու ՀՖՖ-ի և «Փյունիկի» կազմակերպած միջոցառումներին։ ՀՖՖ-ն էլ, որպես բավականին կանխատեսելի կառույց, միգուցե պատճառաբանի, որ նախապես զգուշացվել էր... սա է նման կոչեր անողների գործելաոճը։ Լրատվամիջոցը կարող է լուսաբացել մարզադաշտի ներսում, ինչպես նաև տարածքում կատարվող ցանկացած իրադարձություն, և դրա համար հաշվետու չէ ո՛չ որևէ ֆուտբոլային ակումբի, ո՛չ ՀՖՖ-ի։ Մյուս կողմից էլ, հայաստանյան ֆուտբոլային գերատեսչությունը յուրային ԶԼՄ-ներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ գործող իշխանության անվերապահ աջակցությունը վայելող կառույցում գեթ մեկ առարկում չպետք է լինի։

Երկրորդ փառահեղ կոչը ձևակերպված է այսպես. «Կոչ ենք անում հատկապես ծնողներին թույլ չտալ իրենց երեխաներին մուտք գործել խաղադաշտ. դա ինքնահաստատվելու լավագույն միջոցը չէ»։ ՀՖՖ-ն և «Փյունիկը» հանձն են առնում տարբերակել երեխաներին և տալ խայտառակ որակում՝ ինքնահաստատվել բառի միջոցով։ «Փյունիկին» ընդունենք որպես կողմ, որը չի առարկել այս բառի առկայությունը, դե իսկ ՀՖՖ-ում այդ բառի հետ միգուցե լուրջ բարդույթներ կան...

«Դիմում ենք ֆուտբոլի իրական սիրահարներին, երկրպագուներին, ֆան ակումբներին՝ եկե՛ք միասին կարգ ու կանոն հաստատենք մեր խաղադաշտերում՝ հետագայում հայկական ֆուտբոլի համար անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով»։ Այստեղ գրագիրները դարձյալ չեն դիմացել գայթակղությանը՝ ևս մեկ անգամ տարբերելով «իրական» և «անիրական» երկրպագուներին...

Պարզապես զավեշտալի է. ֆուտբոլային ակումբը և ՀՖՖ-ն չեն կարողացել ապահովել կարգուկանոն, բայց գործելաոճին համապատասխան վիճակը միացված է. մեղավոր են բոլորը, բացի...

ՀՖՖ-ն, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը այս «կոչերով» փորձում են սեփական սխալները կոծկելու փորձեր կատարել, դարձյալ խորը տարբերություններ են դնում յուրայինների և «անիրական» երկրպագուների միջև։ Ֆորս-մաժորային իրավիճակներում (հիշենք Նորվեգիայի հավաքականից կրած 0։9 հաշվով պարտությունը, երբ կեսգիշերն անց ՀՖՖ-ն պաթետիկ հայտարարություն տարածեց) հատկապես ՀՖՖ-ն հեռանում է ադեկվատությունից և զավեշտալի մտքեր նետում հրապարակ...

Արման Առաքելյան