Ինչու են լռում նախկինները
copy image url

Ինչու են լռում նախկինները

Ներքին 2 տարի առաջ - 15:41 06-08-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Արդեն տևական ժամանակ է` մամուլում ու սոցիալական հարթակներում խոսվում է Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնման մասին։ Օրերս հաjտնի դարձավ նաև, որ Բերձորի և Աղավնոյի բնակչությանը մինչև օգոստոսի 25-ը՝ 20 օր, ժամանակ է տրվել բնակավայրերը ազատելու համար։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այս մասին Արցախի ԱԺ-ում և Անվտանգության խորհրդի նիստում խոսելիս ասել էր, որ չհանձնելու այլընտրանքը պատերազմն է, որի հետևանքները բոլորն են կրելու։

Թեմայի շուրջ քննարկումների ու դիրքորոշումների պակաս թերևս չկա, սակայն հատկանշական է, որ լուռ են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել Արցախյան առաջին պատերազմին, այդ թվում՝ Քաշաթաղի ազատագրմանը։ Նախագահներից որևէ մեկի գրասենյակի կողմից հայտարարություն կամ գնահատական չի հնչել։

Oragir.news-ը փորձեց նախկին նախագահների գրասենյակներից պարզաբանում ստանալ։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հետ կապվել մեզ չհաջողվեց, իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն տարածել է հայտարարություն։ «Սերժ Սարգսյանը այդ քաղաքական ուժի ղեկավարն է, հետևաբար՝ նաև այդ քաղաքական ղիրքորոշման կրողը։ Ես կարծում եմ՝ այդ հայտարարության մեջ ամեն ինչ ավելի քան ասված է»։

Հատկանշական է, որ լուռ են ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Ղուկասյանն ու Սահակյանը գրասենյակներ չունեն։

Oragir.news-ի հետ զրույցում քաղաքագետ Սարո Սարոյանը, անդրադառնալով նախագահների լռությանը, նշեց, որ նման խնդիրները լուծվում են ոչ իրենց կողմից, իրենք ընդամենը գործիք են և ստիպված են հետևել այն գործընթացներին, որոնք իրականացնում են արտաքին ուժերը։ «Այդտեղ Ռուսաստան կա, Թուրքիա կա, Պուտին-Էրդողան հանդիպումներ են եղել, նման խնդիրները շատ ավելի բարձր մակարդակում են լուծվում, դրա համար էլ իրենք ասելիք չունեն։ Ի՞նչ պիտի ասեն, պիտի ասեն, որ նման խնդիր է դրված, ու մենք անզո՞ր ենք։ Իրենք ընդհանրապես ընտրվել են հենց այդ արտաքին ուժերի շնորհիվ, իրենք ինչպե՞ս կարող են որևէ այլ դիրքորոշում ունենալ»։

Հարցին, թե սա ենթադրո՞ւմ է, որ որևէ գործողություն, օրինակ՝ այս օրերին Բերձորում, Աղավնոյում լինելը, ակցիաներ կամ որևէ դիմադրություն կազմակերպելն անիմաստ է, նա պատասխանեց, որ Հայաստանը և Արցախը լիարժեք արտաքին կառավարման տակ են, իսկ նման գործողությունները սուբյեկտային վարք են ենթադրում․ «Նման կարգի վարք իրենք անկարող են ցուցաբերել՝ լինելով արտաքին կառավարման տակ։ Այդ նախագահներն իրենց պաշտոնին հասել էին հենց արտաքին որոշակի ուժերի հետ համաձայնության գալով, նկատի ունեմ՝ ընդունելով այն կարգավիճակն ու պայմանները, որ պարտադրվում են Հայաստանին։ Ընդ որում՝ խոսքը բոլոր նախկին նախագահների մասին է, նրանք բոլորն էլ կախված են Ռուսաստանից ու Կրեմլից։ Վստահեցնում եմ՝ հատուկ են ընտրվում նման մարդիկ, ովքեր չեն կարողանա ոչինչ ասել, երբեք չեն ընտրվում այնպիսի մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ բան ասել, առավել ևս առարկել»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում