Lրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն առաջարկելու վարչապետի թեկնածու։
«Անընդհատ շահարկել այն հարցը, որ եթե ընդդիմությունը առաջադրի վարչապետի թեկնածու, իրենք վարչապետ կընտրեն Նիկոլ Փաշինյանին, անլուրջ է։ Կարող են ընտրել, դա չի լուծի ճգնաժամը։ Այս ընթացքում մենք կարող էինք առաջադրել, բայց չենք արել, քանի որ այլ բան էինք պայմանավորվել ժողովրդի հետ։ Մենք ժողովրդին ենք խոսք տվել, որ այս Խորհրդարանը պետք է արձակենք, ոչ թե Փաշինյանին»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
Հարցին, որ Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը հակասահմանադրական է, և արդյոք այդպիսով իրենք ևս մասնակցություն չեն ունենում այդ հակասահմանադրական գործողություններին, Մարուքյանը պատասխանեց, որ Սահմանադրությունը այնպես, ինչպես գրված է, Խորհրդարանը արձակելու այլ հնարավորություն չի տալիս։
Մարուքյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի« կարգախոսին և ընտրական ցուցակներին, նշեց, որ դեռևս հստակեցված չէ, թե ինչ կարգախոսով են մասնակցելու, իսկ ցուցակները դեռևս կազմված չեն։
Խոսելով հասարակության տրամադրությունների մասին, Մարուքյանը նշեց, որ նախկին իշխանությունները վերջին շրջանում իրենց գործողություներով և ընտրություններին իրենց մասնացությամբ ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին։
Մարուքյանը շեշտեց՝ եթե նախկինները չմասնակցեն այս ընտրություններին, իրենք կհաղթեն այս ընտրություններում։