«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ուրեմն, սլավոնական արտաքինով անձինք «Էրեբունի» արգելոց-թանգարանի տարածքում պոռնոգրական տեսանյութ են նկարահանել և տարածել:
Պարզ, այսպես ասած, «ուչաստկովիի» գործ: Սակայն, ի՞նչ են անում մեր պետական այրերը: «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Բադալյան Միքայելն ասում է, որ դիմել է քաղաքապետարան (՞), որպեսզի վերջինս դիմի ոստիկանություն (՞), որպեսզի վերջինս գործին ընթացք տա: Դա էլ մի կողմ:
Նույն Բադալյան Միքայելն ասում է, որ տեսանյութի հեղինակը «իշխանությունը չէ, հակառակը, ինձ փորձել են սարքել «հականիկոլական», և այստեղ ես նշեմ, որ ես որևէ քաղաքական ուժի չեմ պատկանում։ Այս տեսանյութով ինձ ակնարկ է արվել, որ ես հարեմ ուժին»: Պատկերացնու՞մ եք: Սա թանգարանի տնօրենի խոսքերն են: Նորմալ երկրում թանգարանի տնօրենը ոլորտի գիտնական է, առնվազն՝ կիրթ մարդ: Հայաստանում թանգարանի տնօրենը խոսում է «հականիկոլականությունից», իշխանությունից, ինչ-որ քաղաքական ուժերից, մի խոսքով՝ ամեն ինչից, բացի սլավոնական արտաքինով անձանցից, որոնք իր ղեկավարած «Էրեբունի» արգելոց-թանգարանի տարածքում պոռնոգրական տեսանյութ են նկարահանել:
Այժմ, պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե պոռնոգրական տեսանյութ նկարահանվի, օրինակ՝ Փարիզի Լուվրում կամ Մոսկվայի Կրեմլում: Պատկերացրեցի՞ք: Իհարկե, նման բան անհնար է պատկերացնել: Գիտե՞ք, թե ինչու: Որովհետև, Փարիզի Լուվրն ու Մոսկվայի Կրեմլը ֆրանսիացիների և ռուսների համար ազգային արժեք են ներկայացնում, հետևաբար՝ ֆրանսիացիներն ու ռուսները երբեք իրենց արժեքներն «ուչաստկովիի» մակարդակ (չու)ունեցող տնօրենին չեն վստահի:
Ասածս այն է, որ սլավոնական արտաքինով անձինք սովորական հանցագործներ են: Դրանք Փարիզում և Մոսկվայում էլ կան: Սակայն, վերջիններս հիմնականում գործում են արժեքներ չունեցող հասարակություններում: Այնտեղ, որտեղ տնօրեններն անգամ «ուչասկովիի» մակարդակ չունեն»: