Մենք շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական հայտարարություններին․ Արարատ Միրզոյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:49 19-07-2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո ասուլիսում հանդես է եկել հայտարարությամբ:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը:

«Հարգելի՛ պարոն նախարար,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Զբիգնև Ռաուին ջերմ հյուրընկալության համար։
Ուրախ եմ գտնվել Լեհաստանում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում։ Այս երեք տասնամյակներն առաջընթացի, փոխադարձ վստահության և փոխըմբռնման տարիներ էին, որոնք ամուր հիմք են ապահովել միջպետական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացման ու ամրապնդման համար։

Հայ-լեհական հարաբերությունները խարսխված են մեր երկու ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության, ընդհանուր սկզբունքների և արժեքների վրա: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացին:

Այսօր գործընկերոջս հետ ունեցած քննարկումների ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի և Լեհաստանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել` քայլեր ձեռնարկելու հայ-լեհական տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ, ինչի համար ունենք շուրջ 30 փաստաթղթից կազմված ամուր իրավապայմանագրային դաշտ և աշխատանքային արդյունավետ հարթակ՝ հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի 7-րդ նիստը առաջիկայում նախատեսվում է անցկացնել Երևանում:

Իհարկե, Հայաստանի ու Լեհաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծ չեն, սակայն գոհունակությամբ կարող ենք նշել, որ այդ ուղղությամբ մենք հետզհետե աճ ենք գրանցում: Հայ-լեհական տնտեսական փոխգործակցության ակտիվացման համար հեռանկարային ոլորտներ ենք համարում տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, ագրոբիզնեսը և վերականգնվող էներգետիկան:

Մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ ենք կատարել Հայաստան-Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը և Արևելյան գործընկերության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված քայլերին։ Այս առումով Լեհաստանը՝ որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրներից մեկը, կարևոր դերակատար է մեզ համար, և մենք ակնկալում ենք այս ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնում:

Բնականաբար, այսօրվա մեր քննարկումների առանցքում էին տարածաշրջանային կայունության և անվտանգության մի շարք հարցեր: Իհարկե, անդրադարձել ենք ԵԱՀԿ շրջանակներում մեր համագործակցությանը, որտեղ այժմ նախագահում է Լեհաստանը։ Պարոն Ռաուին հանգամանալից ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ։

Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում:

Հարգելի՛ ներկաներ,
Ցավով պետք է արձանագրեմ, որ հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ մենք շարունակում ենք առերեսվել Ադրբեջանի ռազմատենչ և առավելապաշտական հայտարարություններին, որոնք ուղղված են տարածաշրջանային կայունության և խաղաղության խաթարմանը։

Ավելին, խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունները, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես քաղաքական շահարկումների գործիք։ Այս կապակցությամբ կարևոր է մարդու իրավունքներին և մարդասիրության սկզբունքներին հավատարիմ միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ նախագահության շարունակական աջակցությունը՝ այս խնդրի լուծման համար:

Անընդունելի է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, պղծմանը և ինքնության խեղաթյուրմանն ուղղված Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականությունը։ Այս առումով մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական և շարունակական արձագանքը և ընդգծում Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը մեր սկզբունքն ու ռազմավարությունն է, և հուսով ենք, որ ԵԱՀԿ-ն՝ ԵԱՀԿ գործող նախագահի ինստիտուտի հետ միասին, կօգտագործի իր գործիքակազմում առկա մեխանիզմները` կառուցողական մթնոլորտի ապահովման ու համապարփակ խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար:

Այսքանով կեզրափակեմ խոսքս։ Հարգելի՛ պարոն Ռաու, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար»։

Ամենից շատ դիտված

10:52 Նիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը
08:35 Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել․ Հրապարակ
21:08 Ջահերով երթի մասնակիցներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
15:52 15 թիվը ուզում է կրկնվել, բայց պատմությունը ԱՍԱԼԱ ու Նեմեսիս ունի. Էրիկ Օհանյան
22:14 Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 236-ի
21:54 Աննա Հակոբյանը ապրիլի 25-ին Գյումրիում է լինելու. մասնակցելու է իր օգնականի որդուն նվիրված միջոցառմանը
23:03 Նախկին հունաբնակ Յաղդանը գոյատևում է բացառապես կոլեկտիվի շնորհիվ
23:15 Ադրբեջանից հայտարարել են՝ «այս դժվար պահին եղբայրական Թուրքիայի կողքին են»
15:32 Թուրքերը պապիկիս ու նրա եղբորը, մեր գյուղից էլ 80 հոգու այրել են ու գլորել ձորը. Ցեղասպանության նահատակի ժառանգ
11:50 Թող ամենակարող Տերը ների մեզ. Արամ Սարգսյանը նեղսրտել է, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները