«Անառակ որդու վերադարձը» կտավը՝ հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդ Վան Ռեյնի վերջին գործերից է։ Նկարիչն իր այս գլուխգործոցն ավարտել է 1669 թվականին` իր մահվան տարում։
Սակրոնական թեմայով ստեղծված Ռեմբրանդի ամենամեծ կտավն է, որի հիմքում ընկած է աստվածաշնչյան հայտնի առակը։
Անառակ որդու մասին առակը հանդիպում ենք Ղուկասի Ավետարանում։ Սա մի երիտասարդի մասին է, որը լքել է հայրական տունը և վատնել ողջ ժառանգությունը։ Պարապության, անառակության և հարբեցողության մեջ ապրել է այնքան, մինչև հայտնվել է գոմում, որտեղ խոզերի հետ սնվել է նույն տաշտից։ Անելանելի վիճակում և ծայրահել աղքատության մեջ՝ երիտասարդը վերադառնում է հոր մոտ՝ պատրաստ դառնալու նրա վերջին ստրուկը։ Բայց արհամարհանքի փոխարեն որդին արժանանում է արքայական ընդունելության, զայրույթի փոխարեն՝ ներողամիտ, խորը և քնքուշ հայրական սիրո։
Ռեմբրանդն իր կյանքում առնվազն երեք անգամ անդրադարձել է անառակ որդու առակին, սակայն նախորդ երեք գործերը համընկել են իր կյանքի երջանիկ ժամանակաշրջանի հետ։
1669-ին` մահից առաջ ստեղծած «Անառակ որդու վերադարձը» կտավը Ռեմբրանդը ստեղծել է այն պահին, երբ աղքատ, լքված ու միայնակ էր։ Այդ շրջանում արդեն մահացել էին նրա սիրելի երկու կանայք, միակ որդին և հարսը։ Բոլոր աշակերտները հեռացել էին նրանից, պարտատերերը վերցրել էին ողջ գույքը, նոր պատվերներ չկային։ Ռեմբրանդը հիվանդ էր, ծեր ու ծայրահեղ աղքատ։

Սակայն նկարիչն այս կտավը նկարել է ոչ թե վաճառքի, այլ իր համար: Ուստի այս նկարում նա ամփոփել է իր ողջ ցավը, աղոթքն ու ներման հույսը:
Հսկայական այս կտավում (262 x 205 սմ) պատկերված կերպարները մարդկային իրական չափերի են, որի օգնությամբ էլ Ռեմբրանդը դիտողին փորձում է մարդկային իրական դրամա ներկայացնել։ Նա իր կտավում կարծես թե հատուկ ստեղծել է երկրորդական կերպարներ, որպեսզի անտեսի նրանց ու դիտողի ուշադրությունը սևեռի հոր և որդու վրա։ Վշտից կծկված ծեր հոր դեմքին մեծ ցավ կա, հոգնած աչքերում`երկար սպասված հանդիպման երջանկություն: Որդին մեջքով է դեպի մեզ։ Նա երեխայի պես փարվել է հորը։ Մենք չգիտենք, թե ինչ է արտահայտում նրա դեմքը։ Բայց ճաքճքած կրունկները, ճաղատ գլուխը, խեղճ ու թշվառ հանդերձանքն արդեն խոսուն են: Հոր ձեռքերը գրկել են որդու ուսերը։ Այս ձեռքերն իրենց մեջ կրում են բազմաթիվ առեղծվածները: Օրինակ՝ հոր ձեռքերը բոլորովին տարբեր են. ակնհայտ է, որ մի ձեռքը ամուր է, առնական, իսկ մյուսը՝ նիհար, կանացի, նուրբ։ Ռեմբրանդտը ոչ մի գրառում չի թողել իր այս գեղարվեստական մտահղացման մասին, բայց դրա փոխարեն մեծ հնարավորություններ ու թեմա է առաջարկել արվեստաբաններին` գրելու հոդվածներ ու գրքեր այս հանճարեղ գործի մասին։
Պատահական չէ, որ այս նկարի ստեղծումից մի քանի դար անց, Վան Գոգն անկեղծացել է. «Այդպես նկարելու համար պետք է մի քանի անգամ մեռնել...»։

Ռեմբրանդն իր «Անառակ որդու վերադարձը» կտավով վերջին անգամ աշխարհին պատմում է մի առակ`հարստության, կրքերի և արատների, ապաշխարության և ներման մասին:
«... Ես վեր կենամ, գնամ հորս մոտ և կասեմ նրան. Ես մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, և այլևս արժանի չեմ քո որդի կոչվելու. ընդունիր ինձ որպես քո վարձկաններից մեկը: Նա վեր կացավ և գնաց հոր մոտ։ Եվ մինչ նա դեռ հեռու էր, նրա հայրը տեսավ նրան և գթաց. և, վազելով, ընկավ նրա պարանոցին և համբուրեց նրան։ (Ղուկաս 15:18-21):
«Անառակ որդու վերադարձը» կտավն այսօր պահվում և ցուցադրվում է Էրմիտաժում, որտեղ հայտնվել է Կադրուսայի վերջին դուքս Անդրե դը Անսեզենի ֆրանսիական հավաքածուից, որը Երկատերինա 2-րդի հանձնարարությամբ գնել է իշխան Դմիտրի Ալեքսևիչ Գոլիցինը։

Ի դեպ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Էրմիտաժի ֆոնդերը տարհանելիս, բոլոր նկարները հանվել են շրջանակներից և փաթաթվել հատուկ ձողերի վրա։ Բոլոր նկարները, բացի Ռեմբրանդի այս գլուխգործոցից։
Ասում են, որ թանգարանի աշխատակիցները ափսոսել ու նաև չեն համարձակվել այս նկարը շրջանակից դուրս հանել և չնայած հսկայական չափերին, այն տեղափոխել են շրջանակով։
«Անառակ որդու վերադարձը» նկարն այսօր համարվում է «невыезднаякартина»այսինքն, չի թույլատրվում ոչ մի ճամփորդություն և արտերկրյա ցուցահանդեսների մասնակցություն։ Կտավը հնարավոր է տեսնել միայն Էրմիտաժում: