100 հեղափոխություն էլ լինի, 1000 իշխանություն էլ փոխվի՝ մենք նույնն ենք մնալու
copy image url

100 հեղափոխություն էլ լինի, 1000 իշխանություն էլ փոխվի՝ մենք նույնն ենք մնալու

Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:28 11-07-2022
Տարօրինակը ոչ թե պատասխանն է, այլ հարցը. արդյո՞ք մենք պետություն ենք կամ դրան նմանվող մի բան, ունե՞նք պետական կատույցներ, կառավարություն, տեղավորվո՞ւմ ենք այդ շրջանակում, թե՞ դուրս ենք: Ակամա այդ հարցն ես հնչեցնում, երբ ծանոթանում ենք ԿԳՄՍ նախարարության պարզաբանումին՝ Հատիսի վրա տեղադրվելիք Փրկչի արձանի վերաբերյալ: Գրում են, որ արձանի տեղադիրքի ընտրության վայրի մասին տեղեկատվությունը ստացել են լրատվամիջոցներից: Բայց կարող էին չհետևել լրատվամիջոցներին և չստանալ: Սա իրենց կարծիքով արդարանալու փորձ է, բայց իրականում խայտառակություն է: Անգամ պետության հեռավոր նմանություն ունեցող երկրում հնարավոր չէ նման բան:

Նշում են, որ Հատիս լեռան փեշերին առկա են շուրջ 20 տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ, իսկ գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց, որի տարածքում իրականացվել են հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ՝ արձանը տեղադրելու նպատակով: Եվ ետողորմյա ասելու պես պահանջում են մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում: Բայց արդեն ավերել են հուշարձանը:

Այս ուշացած հայտարարությունը, հնարավոր է, ժամանակավորապես կասեցնի շինարարական աշխատանքները Հատիսի վրա: Բայց դատելով նախկին փորձից՝ օրենքով կամ անօրեն, գործն ավարտին է հասցվելու: Ինչպես Փակ շուկայի դեպքում Սամվել Ալեքսանյանին տուգանեցին 200 հազար դրամ, այնպես էլ Գագիկ Ծառուկյանին են այդ մոտավոր գումարի չափով տուգանելու՝ որպես ԿԳՄՍ-ի արդարացում կամ ալիբի, այդպես հարցը համարեն փակված:

Այդպես էր նախկինում, այդպես է ներկան, ցավոք, այդպես լինելու է նաև ապագայում: Մեր երկրում 100 հեղափոխություն էլ լինի, 1000 իշխանություն էլ փոխվի, միևնույնն է, մենք նույնն ենք մնալու, մենք չփոխվողն ենք:

Ձեզ գուցե հետաքրքրի