Դիմում եմ «Հայաստան» դաշինքին ձայն տված քաղաքացիներին, եկեք այստեղ և տեր կանգնեք ձեր տված քվեին․ ակցիայի մասնակից

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:45 01-07-2022
«Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացնում Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից:

Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Հրանտ անունով, ասաց. «Երեկ հայտարարությամբ հանդես եկավ Արցախի, այսպես կոչված, նախագահը, ասաց, որ Բերձորի հետ կապված ոչ ոք այլևս թող հույսեր չկապի։ Հիմա ի՞նչ են անում սրանք այստեղ հավաքված, որոշել են, որ պետք է ընդդիմադիր պատգամավորներին զրկեն իրենց մանդատներից և զբաղեցրած պաշտոններից։

Ես այն քաղաքացիներից մեկն եմ, որ իր ձայնը տվել է «Հայաստան» դաշինքին, հիմա այստեղից դիմում եմ «Հայաստան» դաշինքին ձայն տված մյուս քաղաքացիներին․ դուք եք այս մարդկանց լիազորել, որ գան և ԱԺ-ում իրենց գործունեությունը ծավալեն։ Խնդրում եմ՝ այս պահին եկեք այստեղ և տեր կանգնեք ձեր տված քվեին»։

Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու և Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու օրակարգով այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 11-ին, ԱԺ արտահերթ նստաշրջան է հրավիրել: