Ովքեր կհեռանան դատախազությունից, իսկ ում կհաջողվի ծանոթներ գտնել՝ Վարդապետյանին բարեխոսելու համար
copy image url

Ովքեր կհեռանան դատախազությունից, իսկ ում կհաջողվի ծանոթներ գտնել՝ Վարդապետյանին բարեխոսելու համար

Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:26 01-07-2022
Դատախազությունում արշալույսները ամենեւին էլ խաղաղ չեն։ Oragir.news-ի տեղեկություններով՝ համակարգի աշխատակիցներից ոմանք կամաց-կամաց հավաքում են իրերը՝ Աղվան Հովսեփյանի օրինակով դուռը համբուրելով կամ առանց դրա հեռանալու «Աստծո տաճարից»։ Ոմանք էլ հույսները չեն կորցնում եւ ոտուձեռ ընկած՝ ծանոթ-ընկեր-բարեկամ են փնտրում՝ նոր դատախազացուի հետ կապեր ստեղծելու։ Թարսի պես նոր դատախազացուն ոչ մի ընկեր, բարեկամ չունի, ով կբարեխոսի այս կամ այն պաշտոնյայի համար։

Ինչեւէ, արդեն իսկ հստակ է, որ «յա կնիկ գա մեզի ղեկավարի» պատճառաբանությամբ համակարգից կհեռանան դատախազի տեղակալները՝ Հայկ Ասլանյանը, Վահե Հարությունյանը, Արմեն Աֆանդյանը, Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը։ Իրականում միգուցե պատճառն այն է, որ նրանք հասկացել են՝ նոր դատախազը չի ցանկանա իրենց հետ աշխատել, դրա համար լքում են տարածքը մինչեւ նրա հայտնվելը։

Ի դեպ, կան մարդիկ, որոնց արդեն խոստանում են գլխավոր դատախազի տեղակալի պաշտոն, նրանցից մեկը օրերս Վճռաբեկի դատավոր ընտրված Սերգեյ Չիչոյանի դատախազ եղբայրն է՝ Արարատի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը։

Հիշեցնենք, որ 36-ամյա Աննա Վարդապետյանը սեպտեմբերից կստանձնի գլխավոր դատախազի պաշտոնը վեց տարով։ Հայաստանի առաջին կին գլխավոր դատախազը խորհրդարանում ընտրվեց միայն իշխանական պատգամավորների ձայներով՝ 70 կողմ, 0 դեմ։