ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 24-ին ներկա է եղել Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհավորելով մարզադպրոցի ողջ անձնակազմին՝ ի դեմս տնօրեն Ռաֆայել Ալեքսանյանի, վստահություն է հայտնել, որ նոր պայմանները կմղեն աշխատելու ավելի եռանդուն, նպատակադրված և խանդավառ։

«Այսօր շատ հիշարժան օր է։ Գյումրու՝ մեծ ավանդույթներ ունեցող համալիր մանկապատանեկան մարզադպրոցը չուներ մշտական տարածք. մարզվում էին, մեղմ ասած, անմխիթար մարզադահլիճներում։
Վստահ եմ՝ նոր պայմանները կդրդեն աշխատելու ավելի եռանդուն, նպատակամղված և խանդավառ, իսկ մոտ ապագայում մեկս մյուսին կշնորհավորենք նոր մասնաշենքում մարզված և արդեն կայացած մարզիկների մեծ հաղթանակների կապակցությամբ»։
Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը հիմնադրվել է 2000 թվականին և չնայած անբարենպաստ պայմաններին՝ աշխարհի ու Եվրոպայի մի շարք մեդալակիրներ ու մրցանակակիրներ է տվել։ Նախկինում գիշերօթիկ դպրոց հանդիսացող այս շենքը ՀՀ կառավարության կողմից փոխանցվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենությանը։
Մարզադպրոցի՝ ուսումնամարզական գծով փոխտնօրեն Վարդան Գրիգորյանի խոսքով՝ արդեն կահավորվել են մարզադահլիճը, բռնցքամարտի, ձյուդոյի դահլիճները:
Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի ավելի քան 700 սաները հնարավորություն ունեն զբաղվելու բասկետբոլ, ֆուտբոլ, բռնցքամարտ, ծանրամարտ, ձյուդո, սամբո և ըմբշամարտ մարզաձևերով։