Քիչ ենք նվիրել, հիմա էլ 400 հազար դոլար, որ մինչև վերջ երկիրը փեշքեշ անենք թուրքին
copy image url

Քիչ ենք նվիրել, հիմա էլ 400 հազար դոլար, որ մինչև վերջ երկիրը փեշքեշ անենք թուրքին

Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:30 21-06-2022
ԱՄՆ-ն Հայաստանում 400 հազար դոլար դրամաշնորհ է տրամադրում՝ հասարակությանը խաղաղության պատրաստելու համար: Իսկ նույնը անո՞ւմ է Ադրբեջանում: Պարզվում է, որ Ադրբեջանի հասարակությունը պատրաստ է խաղաղության, իսկ Հայաստանի հասարակությունը՝ ոչ, և դրան հասնելու համար պարտադիր պետք է լուրջ գումար ներդնել: Իսկ չի՞ կարելի նախ հասնել այն առողջ բանականությանը, որ Ադրբեջանից ապամոնտաժվի արցախյան պատերազմից հետո հաղթանակի անվան տակ ստեղծված այգին, որն անմարդկային կերպով ատելություն, թշնամանք, ծաղր ու ծանակ է քարոզում և չարիքի մարմնացում է: ԱՄՆ-ն այդ չի՞ տեսնում և չի՞ լսում Բաքվից պարբերաբար հնչող պատերազմի սպառնալիքներն ու Հայաստանից նոր տարածքներ զավթելու հոխորտանքները: Փոխարենը տեսնում է խաղաղության դեմ ստեղծած մեր ո՞ր խոչընդոտը: Չէ՞ որ առանց այդ գումարները ծախսելու էլ մենք պատրաստակամ գնում ենք խաղաղության:

Աշխարհում ոչ ոք, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, Ադրբեջանին չի ասում ՝ զսպի՛ր ագրեսորի հռետորաբանությունդ, մի՛ ասա, որ եթե Զանգեզուրի միջանցքը չստանաս, պատերազմ կլինի, մի՛ ասա, որ Սևանը, Վարդենիսը քոնն են և քայլելով պիտի գաս ու շնթռես այդ տարածքներում և վերջապես մի՛ ասա, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանը քոնն է և պատրաստվում ես այն գրավել: Չէ՛, Ադրբեջանի նկատմամբ զսպաշապիկ չկա, թույլատրելի են ամեն մի ցինիզմ ու լկտիություն, իսկ Հայաստանը պիտի անվերջ զիջի ու նվիրի, որպեսզի խաղաղություն լինի: Պարզվում է, որ քիչ է նվիրել, հիմա էլ պետք է 400 հազար դոլար ծախսեն, որ մինչև վերջ երկիրը փեշքեշ անի թուրքին:

Մեկը չկա, որ Թուրքիային ասի՝ Ցեղասպանության համար գոնե ներողություն խնդրիր, մի փոքրիկ մարդկային քայլ արա, ի վերջո այդ մարդկանց մորթել ես իրենց բնօրրանում և զավթել պատմական հայրենիքը: Որ դեռ երեկ ես քո բայրաքթարներով այդ ժողովրդի մի ամբողջ սերունդ ոչնչացրել: Միայն մեզանից են պահանջում մոռանալ այդ ամենը, ժպտալ, թե ինչ լավն են մեզ մորթողները, որոնք այդ ցանկությունից դեռ չեն հրաժարվել: Կարծես տարածաշրջանում միակ բոբոն և պատերազմողը մենք ենք: Այդպես խաղաղություն չի լինում, երբ պատերազմողին ասում են՝ կեցցե՛ս, որ կոտորել ես, իսկ կոտորվածին ասում են՝ դու վատն ես և խաղաղություն պիտի մուրաս՝ ինքդ քեզ ոչնչացնելու գնով։