«Մեր խեղված իրականության մեջ որևէ բան հասկանալու համար պետք է անդրադառնալ դրա ակունքներին, իսկ ակունքները հետևյալն են․ 1988-ին ծավալվել է Արցախի ազատագրական շարժումը՝ «Միացում» կարգախոսով։ 89թ․-ին այդ միացումը հայաստանյան օրենսդրական մակարդակի վրա իր ամբողջացումն է ստացել և ԼՂԻՄ-ը, ներհայաստանյան օրենսդրության համաձայն, դարձել է Խորհրդային Հայաստանի մաս, ապա 1990թ․-ին մենք ունեցել ենք կարևորագույն պետականակերտ փաստաթուղթ՝ ի դեմս անկախության հռչակագրի, որտեղ դարձյալ նշվել է, որ նորանկախ ՀՀ-ն ձևավորվում է այդ թվում ԼՂ-ի հայության մասնակցությամբ։ Այս իմաստով՝ անկախացած Հայաստանը ներհայաստանյան օրենսդրության ուժով Արցախն իր մեջ է պարունակել»։ Այս մասին
oragir.news-ի հետ զրույցում ասաց արցախաբնակ քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեն արած
հայտարարությանը, թե 30 տարի Ռոբերտ Քոարյանը և Սերժ Սարգսյանը բանակցել են Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին։
«Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀ առաջին նախագահը և ամբողջ հետագա գործընթացների սկզբնադիրն ու հայրը ամենաբացասական իմաստով, կամենալով իր վրայից թոթափել ռազմաքաղաքական պատասխանատվությունը Արցախի համար, Արցախին ապօրինաբար, հակասահմանադրաբար պարտադրել է անկախացման ճանապարհը՝ փաստորեն խախտելով Հայաստանի հիմնադիր փաստաթղթերը և դուրս մղելով Արցախը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հովանուց։ Այնուհետև նա ԱՊՀ ձևավորման պայմանագիրը ստորագրելիս ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Պարզապես ոչ այդ փաստաթղթերով ճանաչվել է, որ Ադրբեջանի տարածքում ապրող հայությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, իրավունք ունի ինքնորոշվելու»։
Քանանյանն ընդգծեց, որ դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը բացարձակապես ոչինչ չեն արել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից սահմանած հայաստանակործան քաղաքականությունը վերափոխելու համար՝ այն իմաստով, որ շարունակել են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման թատրոնը։
«Եթե դու չես ճանաչում Լեռնային Ղարաբաղը ՀՀ ինքնիշխան տարածքի մաս, եթե չես չեղարկում կամ ձևափոխում ԱՊՀ փաստաթղթերը, ապա այդ տրամաբանության մեջ իսկապես Արցախը համարվում էր Ադրբեջանի մաս, որը օրինավոր կերպով ինքնորոշվել էր՝ դուրս գալով Ադրբեջանի կազմից։
Ըստ էության՝ որպեսզի մենք փաստաթղթային ձևակերպումների մեջ չխորանանք՝ ասեմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության, ըստ էության՝ Հայաստանի պետականակործան միևնույն հայեցակարգի շարունակողն էին։ Այդտեղ կային միայն մանր-մունր տարբերություններ։
Նրանք միշտ էլ բանակցել են «ազատագրված տարածք՝ անհասկանալի կարգավիճակի դիմաց» բանաձևի շուրջ։ Նրանք չեն կառուցել բանակը, այլ քայքայել են բանակը, չեն վերաբնակեցրել ազատագրված տարածքները, նրանք տարել են Հայաստանը վերջականապես գաղութացնելու և Ռուսաստանի քմահաճույքի տակ դնելու քաղաքականությունը, որը իր վատթարագույն հետևանքներն է ունեցել 2020թ․-ի նոյեմբերի 9-ի դավաճան հայաստանակործան ստորագրությամբ։
Հետևաբար, պատմությունը առանձնակի դաժան է գտնվել հատկապես Նիկոլ Փաշինյան կոչվող խեղկատակի նկատմամբ, որի կատարելապես ապիկար դավաճանական քաղաքականությունը հանգեցրել է պարտության, և հայաստանակործան ստորագրությունը դրել է Նիկոլ Փաշինյանը։
Հետևաբար, պատմությունը նախևառաջ որպես վատթարագույն ու ամենապիղծ դավաճան հիշատակելու է Նիկոլ Փաշինյանին, բայց գործնականում բոլոր նախկին ղեկավարներն էլ քաղաքականապես իրականացրել են Լևոն-Տեր Պետրոսյանի հայաստանակործան քաղաքականությունը, որը մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել Հայաստանի ֆիզիկական կործանմանը՝ մոտական 2 տասնամյակների ընթացքում, եթե հրաշք տեղի չունենա»։
Դիտարկմանը, որ նախորդ երկու նախագահներն էլ բանակցել են՝ «ազատագրված տարածքներ՝ կարգավիճակի դիմաց», եթե կագավիճակն Ադրբեջանի կազմում Արցախը թողնելու մասին էր, ինչի՞ շուրջ էին բանակցում, նա ընդգծեց, որ 1992թ․-ին ստորագրվել էր փաստաթուղթ, որը արգելում էր Հայասանի որևէ ղեկավարի ստորագրել որևէ փաստաթուղթ, որով Արցախը թողնվում էր Ադրբեջանի կազմում։
«Առհասարակ, մարդու արժանապատվությունից չի բխում քննարկելը Նիկոլ Փաշինյանի ծամածուռ դատարկաբանությունները։ Այդ մարդուն առհասարակ չպետք է լսել, եթե Փաշինյանին լսողը հոգեբույժ չէ։ Դա արդեն խնդիր է։
Բայց եթե Արցախը չես ճանաչում Հայաստանի Հանրապետության անօտարելի մաս, ապա ինքնաբերաբար, անկախ ամեն ինչից մենք գալիս ենք խորհրդային ապօրինի վարչական սահմանների ճանաչմանը՝ որպես պետական սահմաններ, ու դրանից բխում է, թե միջազգայնորեն ճանաչված Խորհրդային Ադրբեջանի տարածքում արցախահայությունը ինչ մակարդակի ինքնորոշման իրավունք ունի։ Կա՛մ Հայաստանը ասում է, որ Արցախը ինքնիշխան տարածք է, ու մեկ սանտիմետն էլ չի վիճարկվում, կա՛մ ընդունում ես խորհրդային սահմանները ու ավտոմատ ընդունում ես, որ Խորհրդային Հայաստանի սահմաններից այն կողմ Խորհրդային Ադրբեջանի սահմանն է։
Այստեղ չափազանց անիմաստ է ընկնել խեղկատակ և բացարձակ ստախոս Փաշինյանի ծամածուռ հայտարարությունների հետևից։ Պարզապես Փաշինյանի դավաճանությունն ու ապաշնորհությունը ոչնչով չեն մեղմացնում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ սոսկալի տարողությամբ մեղքը, իհարկե, բոլորն էլ այս կամ այն չափով թշվառ աշակերտներն են գլխավոր հակապետական հանցագործի, մեր նորագույն պատմության գլխավոր չարիքի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հիմա ամեն ինչ պետք է անի, որ իր հետ կապված հավիտենական անեծքը փոքր-ինչ թեթևացնի»։