Այս իրականությունն այս մարդն է բերել մեզ՝ «խռովահույզ փոթորիկի հորձանուտը»
copy image url

Այս իրականությունն այս մարդն է բերել մեզ՝ «խռովահույզ փոթորիկի հորձանուտը»

Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:11 16-06-2022
«Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում»,- սա հնչեցնում է ՀՀ վարչապետը ԱԺ բարձր ամբիոնից: Այնքան էլ էական չէ այստեղ խոսքի երանգային առանձնահատկությունը. խոստովանությո՞ւն է, ահազա՞նգ է հնչեցնում, թե՞ եկող օրվա սպասումն է կանխավ ազդարարում: Սա է մեր ներկան և իրականությունը, որի մեջ գտնվում ենք մենք և չենք կարող աչքերը փակելով անցնել անվնաս, քանի որ աչքերի փակ լինելը չի փրկի մեր նավը սարցալեռանը՝ այսբերգին բախվելուց:

Իրականություն, որ ունեցանք 2018թ․-ի թավշե հեղափոխությունից հետո, 2020թ․-ի 44-օրյա պատերազմից հետո՝ որպես պարտություն, կորուստ, զիջումներ, որ շարունակվում է, և չգիտենք՝ արդյո՞ք ունենալու է մի տեղ հանգրվան ու ավարտ: Իսկ այսօր այդ քանդն ու ավերն այն փուլում են, որ կասկածի տակ են դրվում մեր պետականության գոյությունը, մեր ընթացքը որպես երկիր ու ժողովուրդ: Հայտնվել ենք «խռովահույզ փոթորիկի հորձանուտում», և չգիտենք՝ կփրկվի՞ մեր նավը:
Այս իրականության տերը դարձրեց մեզ այս մարդն իր թավշե հեղափոխությամբ իշխանության գալուց հետո: Չկար և մեր մտքով էլ չէր անցնի նման իրականություն մինչև սրա հայտնվելը՝ որպես տեր ու առաջնորդ: Դարձյալ փակ աչքերով չնայենք՝ պատկերացնելով օդից բռնած բաներ, ուղիղ նայենք իրականության աչքերի մեջ և տեսնենք այն, ինչը ստույգ է:

Սույն անձն իր հնչեցրած ահազանգին որպես լուծում է ներկայացնում իրավիճակի անփարատելի լինելը. «Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»: Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացողը չի ասում, որ փոթրիկի հորձանուտում հայտնված մեր նավը չի խորտակվելու, որ բարեհաջող նավահանգիստ է հասնելու, որի անունն է Հայոց պետականություն: Եվ այս իրականությունն այս մարդն է բերել մեզ՝ խռովահույզ փոթորիկի հորձանուտը, 2018թ․-ին՝ իր թավշե հեղափոխությամբ։