Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանին կարող են պաշտպանիչ պատնեշներ հայտնվել: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Քրիստա Միքքոնենը։ Հունիսի 9-ին կառավարությունը սահմանապահ ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկ է ներկայացնել խորհրդարան։ Սպասվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հնարավորինս շուտ։
Բացի պատնեշների կառուցումից, նախատեսվում է ավելացնել սահմանապահների թիվը, ձեռք բերել տեխնիկական հսկողության նոր սարքավորումներ և հետախույզ-ինքնաթիռներ։
Միքքոնենը ընդգծել է, որ սահմանային ծառայությունը պետք է պատրաստ լինի, ի թիվս այլ բաների, հետ մղել «հիբրիդային ազդեցության» սպառնալիքը, երբ հարևան երկիրը քաղաքական ճնշման նպատակով օգտագործում է երրորդ երկրներից միգրացիոն ալիքները, ինչպես դա եղավ 2021թ.-ին բելառուսա-լեհական սահմանին։
Փոփոխություններ են կատարվելու նաև օտարերկրացիների մասին օրենքում։ Ֆինլանդիայում ապաստանի դիմումները կընդունվեն և անմիջապես կքննարկվեն սահմանային անցակետերում։ Սա կկանխի դիմողների տեղաշարժը ինչպես Ֆինլանդիայի ներսում, այնպես էլ դեպի ԵՄ այլ երկրներ: Կառավարության զեկույցում ասվում է, որ փոփոխվող միջազգային միջավայրի պայմաններում Ֆինլանդիան պատրաստվում է լայնածավալ և բարդ տիպի հիբրիդային ազդեցություններին դիմակայելուն ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում:
Ֆին-ռուսական ցամաքային սահմանի երկարությունը 1271 կմ է, սահմանից մինչև մայրաքաղաք Հելսինկի հեռավորությունը՝ 200 կմ։