Մենք պետք է կարողանանք ազգովի այս խնդիրը բերել օրակարգ․ Արմեն Ռուստամյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:17 25-05-2022
Շարունակվում են ընդդիմության բողոքի և անհնազանդության ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին ընդդիմության ներկայացուցիչները կազմակերպել են հարցուպատասխան քաղաքացիների հետ։
Քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչպես է լուծվելու Արցախի հարցը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը պատասխանեց․

«Արցախի հարցի լուծման ուղղությունը և դրա հետ կապված հիմնական անելիքները մեր ժողովուրդը վաղուց արդեն ձևակերպել է, և որևէ իշխանություն այլ բան չի կարող անել, քան իրականացնել ժողովրդի կամքը։ Մենք երեկ նախապայմաններ էինք նշում՝ առանց որոնց Արցախի հարցի լուծումը, այսպես ասած, հայանպաստ չի կարող տեղի ունենալ։ Եվ սա է, որ մենք պահանջելու ենք թե՛ այսօրվա իշխանություններից, թե՛ նաև եթե վաղը ձևավորվի ազգային իշխանություն, նա պարտավորված է լինելու այդ սկզբունքներով առաջնորդվել։

Առաջինը Արցախի կարգավիճակի հարցն է։ Ակնհայտ է, որ եթե Արցախի կարգավիճակի հարցը չլուծվի այն տրամաբանությամբ, որը նախանշված է հենց Արցախի սահմանադրության մեջ՝ բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Եթե դա տեղի ունեցավ, մենք գիտենք, թե դա ինչով է ավարտվում․ դա կավարտվի Արցախի հայաթափմամբ։ Դրա օրինակը մենք ունենք՝ Նախիջևանը։

Մյուսը անկլավային վիճակի բացառումն է, ակնհայտ է, որ եթե Արցախը մայր Հայաստանի հետ ցամաքային կապ չունեցավ, մենք Արցախում նույնպես հայապահպանության հետ կապված խնդիր ենք ունենալու։

Եվ երրորդ հարցը անվտանգության համակարգի ամրապնդումն է։ Սա է, որ պարտադիր է, և այն հնարավոր է պաշտպանել նաև բանակցային գործընթացում, ինչը մինչև հիմա հաջողությամբ կատարվել է, և այս իշխանության բոլոր հայտարարությունները, առ այն, որ դա պաշտպանելի չէ, ոչ միայն մեզ մոլորեցնում են, այլև սպասարկում Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։ Ժողովուրդը շատ լավ հասկացել է, որ պահպանելով Արցախը՝ պահպանում է նաև Հայաստանը։ Մենք պետք է կարողանանք ազգովի այս խնդիրը բերել օրակարգ, և դրա շուրջ համախմբվելով՝ վստահ եմ, որ հայանպաստ լուծումներ կունենանք․ այն, ինչ ունեցել ենք մինչև այս իշխանության գալը», - ասաց Արմեն Ռուստամյանը։