ԱՄՆ-ը Վրաստանին կտրամադրի 35 մլն դոլար՝ պաշտպանությունն ամրապնդելու համար
copy image url

ԱՄՆ-ը Վրաստանին կտրամադրի 35 մլն դոլար՝ պաշտպանությունն ամրապնդելու համար

Արտաքին 2 տարի առաջ - 15:14 27-04-2022
ԱՄՆ-ը Վրաստանին կտրամադրի 35 մլն դոլար՝ Ռուսաստանի հետագա սպառնալիքներից պաշտպանունակությունն ամրապնդելու համար։ Սա կլինի ռազմական օգնության հերթական փաթեթի մի մասը, որը տրամադրվում է ԱՄՆ-ից ի պատասխան պատերազմի, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ապրիլի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը այցելել էին Ուկրաինա և հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ռազմական գործողությունների գոտի կատարած այցի ժամանակ երկու բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ 713 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային և 15 դաշնակից գործընկերներին՝ պաշտպանունակությունն ամրապնդելու համար:

«Ամերիկայի Ձայն»-ին տված մեկնաբանության մեջ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ 713 միլիոն դոլար օտարերկրյա ռազմական ֆինանսավորումից (FMF) 322 միլիոնը կօգտագործվի Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման համար, իսկ մնացած միջոցները կտրամադրվեն Բալկանյան տարածաշրջանի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին, այդ թվում և Վրաստանին:

«Վրաստանը կստանա 35 միլիոն դոլար, այդ թվում՝անօդաչուների դեմ պայքարի համակարգեր, դաշտային հրետանային մարտավարական տվյալների փոխանցման առաջադեմ համակարգ, շարժունակության և կիբերպաշտպանության միջոցներ»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: