ԵԱՀԿ առաքելությունն Ուկրաինայում, այդ թվում՝ Մարիուպոլում, ռազմական հանցագործությունների ապացույցներ է գտել և մեղքի առյուծի բաժինը բարդել է Ռուսաստանի վրա։
Չորեքշաբթի հրապարակվել է առաքելության նախնական զեկույցը, որը հավաքվել է ԵԱՀԿ 57 երկրներից 45-ի որոշմամբ՝ ի հեճուկս ռուսական առարկությունների:
Դրանում ասվում է, որ առաքելությունն ի վիճակի չէ գնահատել, թե արդյոք ներխուժումն ինքնին լայնածավալ գործողություն է խաղաղ բնակչության դեմ, սակայն նշում է միջազգային նորմերի բազմիցս փաստագրված խախտումներ։
«Դիտավորյալ սպանությունները, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ լրագրողների և տեղական պաշտոնյաների առևանգումները, ամենայն հավանականությամբ, համապատասխանում են այս չափանիշին: Այս ներխուժման շրջանակում կատարված ցանկացած նման բռնի գործողություն հանցագործություն է մարդկության դեմ»։
Զեկույցում արձանագրվել են խախտումներ ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական կողմից։ Սակայն Ռուսաստանի Դաշնության կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթով և ծավալով անհամեմատ ավելի լուրջ են, նշվում է փաստաթղթում։
ԵԱՀԿ-ն, ի թիվս այլ բաների, ուսումնասիրել է երկու աղմկահարույց հանցագործությունների՝ Մարիուպոլի թատրոնի և ծննդատան ռմբակոծման փաստերը:

Առաքելությունը եզրակացրել է, որ ծննդատունն ավերվել է ռուսական ուժերի հարձակման արդյունքում. «Ռուսական բացատրություններից հետևում է, որ հարձակումը եղել է միտումնավոր։ Ոչ մի նախազգուշացում չի արվել, տարհանման համար ժամանակ չի տրվել»։
«Ուստի այս հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է։ Դրա համար պատասխանատուները ռազմական հանցագործություն են կատարել»,- ասվում է զեկույցում։
Նույնը վերաբերում է թատրոնի ավերմանը, որի տակ՝ ռմբապաստարանում, Մարիուպոլի հարյուրավոր բնակիչներ էին թաքնվել, մինչդեռ շենքի երկու ծայրին հսկայական տառերով դրված էին «ԵՐԵԽԱՆԵՐ» մակագրությունները։