Բրիտանական Բաբրահամ ինստիտուտի մասնագետները կարողացել են 30 տարով երիտասարդացնել մարդու մաշկի բջիջները։ Այս մասին ասվում է eLife ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։
Նոր մեթոդը հիմնված է էպիգենետիկ վերածրագրավորման միջոցով «մեծահասակներից» առաջացած ցողունային բջիջներ ստանալու տեխնիկայի վրա։ Հետազոտողները կարողացել են կեսճանապարհին կասեցնել այս գործընթացը՝ հասնելով բջիջների կենսաբանական երիտասարդացման և պահպանելով դրանց սկզբնական գործառույթները։
Գիտնականներն աշխատել են մաշկի բջիջների (ֆիբրոբլաստների) հետ՝ ազդելով դրանց վրա Յամանակա գործոններով՝ հատուկ սպիտակուցներ, որոնք կարող են բջիջները վերադարձնել սաղմնային վիճակի: Սովորական վերածրագրավորման դեպքում բջիջները ենթարկվում են այսպիսի ազդեցության 50 օր, սակայն աշխատանքի հեղինակները կրճատել են այդ ժամանակահատվածը մինչև 13 օր: Այդ ընթացքում տարիքային փոփոխություններն անհետացել են, և բջիջները կորցրել են իրենց գործառույթները, բայց այնուհետև նորմալ պայմաններում կարողացել են վերականգնել դրանք և սկսել արտադրել կոլագեն։
Տարիքային մարկերների վերլուծությունը ցույց է տվել, որ բջիջները 30 տարով երիտասարդացել են։ Ստուգելու համար, թե արդյոք դա ազդե՞լ է բջիջների «աշխատունակության» վրա, հետազոտողները նմանակել են վերք՝ կտրելով բջիջների շերտը Պետրի բաժակի մեջ: Երիտասարդացած ֆիբրոբլաստները հներից ավելի ակտիվորեն են հասել կտրվածքի եզրերին։
«Մեր արդյունքները մեծ քայլ են դեպի առաջ բջիջների վերածրագրավորման մեր ըմբռնման մեջ: Մենք ապացուցել ենք, որ բջիջները կարելի է երիտասարդացնել՝ չկորցնելով դրանց գործառույթները, և որ երիտասարդացումը միտված է հին բջիջների որոշ գործառույթների վերականգնմանը»,- նշել են աշխատանքի հեղինակները։