Կառավարությունը անհապաղ պետք է ստեղծի մասնագիտական լուրջ հանձնախումբ
copy image url

Կառավարությունը անհապաղ պետք է ստեղծի մասնագիտական լուրջ հանձնախումբ

Ներքին 3 տարի առաջ - 16:57 23-03-2022
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները հասնելու են աշխարհի ամենահեռավոր անկյուններ։ Պատահական չէ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հերթական անգամ հայտարարեց, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով սննդամթերքի, պարարտանյութերի և էներգակիրների գների աճը կարող է համաշխարհային պարենային ճգնաժամի պատճառ դառնալ։ «Թվիթեր»-ի իր էջում նա գրել էր. «Ուկրաինայում ռազմական գործողությունները արդեն խաթարել են մատակարարման շղթաները, դրա համար էլ տեղի է ունենում վառելիքի, սննդամթերքի և տրանսպորտի գների կտրուկ աճ։ Պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ կանխելու վերահաս սովը և գլոբալ պարենային համակարգի փլուզումը»։

Տրամաբանական է, որ նման իրավիճակում պատերազմն իր ուղղակի ազդեցությունն է ունենում և ունենալու Հայաստանի տնտեսության վրա ևս։

2020թ.-ին Հայաստան-ՌԴ առևտրի ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 335 մլն դոլար, որից 680.3 մլն-ը եղել է արտահանումը և 1 մլրդ 655 մլն-ը՝ ներմուծումը։ 2021թ.-ին ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը կազմել է 2.8 մլրդ ԱՄՆ դոլար, որից դեպի ՀՀ ներմուծումը կազմել է 1 մլրդ 994 մլն ԱՄՆ դոլար։ 2020թ.-ին ՀՀ արտաքին ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 30.6%, 2021թ.-ին՝ 31.4%։ Սա ամենաբարձր ցուցանիշն է Հայաստանի առևտրային գործընկեր երկրների մեջ։ Հետևաբար բացառվում է, որ ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը պատերազմի ընթացքում, առավել ևս դրանից հետո, լուրջ խմբագրումների չենթարկվի։ Բնական է, որ որոշ ապրանքախմբերի, ապրանքների առաջարկ-պահանջարկներն ու գները փոփոխությունների կենթարկվեն։ Բայց մեծ հաշվով հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները շարունակվելու են, և «առևտրի բովանդակությունը» չի փոխվելու։

Մինչդեռ նույնը հնարավոր չէ ասել Ուկրաինայի պարագայում։ Նախկին ԽՍՀՄ երկրների մեջ ՌԴ-ից հետո Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերը Ուկրաինան է։ 2021թ.-ին Ուկրաինայի հետ ունեցած ՀՀ առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 173 մլն դոլար, որից արտահանումը՝ 25.66 մլն, ներմուծումը՝ 147.57 մլն։ 2021թ.-ին Ուկրաինայի հետ առևտրի մասնաբաժինը կազմել է ՀՀ ընդհանուր առևտրի 2.1%-ը, գրեթե այնքան, որքան ԱՄՆ-ի հետ։ Վրաստանի հետ, օրինակ, ՀՀ առևտուրը կազմել է մեր ընդհանուր առևտրի 1.8%-ը, Բելառուսինը՝ շատ ավելի քիչ։

Ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինայի հետ ՀՀ արտաքին առևտրի կոմունիկացիաներն արդեն իսկ փլուզվել են և դժվար թե մոտ ապագայում վերականգնվեն։ Այն ապրանքախմբերը, որ արտահանվում էին ՀՀ-ից, առաջիկայում դժվար թե խիստ պահանջարկված լինեն այդ երկրում։ 2020թ.-ին ՀՀ-ի 26.4 մլն դոլարի արտահանման մեջ 13.7 մլն դոլարի սպիրտային խմիչքներ են եղել, 8.4 մլն դոլարի՝ ծխախոտ և 1 մլն-ի՝ պղինձ։ Վերջինս գուցեև կարելի է տնտեսության համար առաջին անհրաժեշտության ապրանք համարել, մինչդեռ սպիրտային խմիչքներն ու ծխախոտը հաստատ այս փուլում Ուկրաինայի համար ամենաանհրաժեշտներից չեն։ Իսկ դրանք միասին կազմում են 22 մլն դոլար, որը ՀՀ նման երկրի պարագայում բոլորովին էլ փոքր թիվ չէ։

Մյուս կողմից էլ՝ 2020թ.-ին (քանի որ 2021թ.-ի բացված վիճակագրությունը դեռ չի հրապարակվել, այդ իսկ պատճառով ներկայացնում ենք վերջին եղածը) Ուկրաինայից ՀՀ են ներկրվել 12 մլն դոլարի միս ու մսամթերք, 8.5 մլն-ի կաթ, կաթնամթերք, կենդանական ծագման սննդամթերք, 8 մլն-ի շաքար ու հրուշակեղեն, 27 մլն-ի ծխախոտ, 5.4 մլն-ի ցորենից ու ալյուրից պատրաստված մթերք, 5 մլն-ի՝ շոկոլադեղեն։ Սրանց մի մասն առաջին անհրաժեշտության մթերքներ են, մնացածը պահանջարկված սննդամթերքներ են, և ներքին շուկայում առաջացող բացի պայմաններում գործարարները չեն կարող անորոշության մեջ սպասել, թե իրավիճակը երբ կկարգավորվի, որ հասկանան՝ ինչպես են վարվում։ Հատկապես, որ տեսանելի ապագայում որևէ որոշակիություն չի նշմարվում։ Հասկանալի է, որ գործարարները սրանց բացը ինչ-որ կերպ լրացնելու են։ Բայց աշխարհում սպասվող պարենային ճգնաժամի պայմաններում, երբ ամենուրեք անորոշություն է ու նաև, դրանով պայմանավորված, թանկացումներ, նրանց համար այնքան էլ դյուրին չի լինի նույն գներով, նույն ծախսերով վերոնշյալ ապրանքատեսակները ներկրել Հայաստան։ Հետևաբար դա էլ իր ազդեցությունը կունենա ներքին շուկայում գների աճի առումով։

Բայց այս պատերազմը մեր տնտեսության համար, ի թիվս բազում այլ խնդիրների, մեծ հարված է հատկապես սպիրտային խմիչքների արտահանման առումով։ 2021թ.-ին ՀՀ-ից կոնյակի արտահանումը կազմել է 230 մլն դոլար, բացարձակ մեծամասնությամբ՝ ՌԴ, այնուհետ՝ Բելառուս և Ուկրաինա։ Փաստացի կոնյակի երեք ամենամեծ շուկաներից երկուսը այս փուլում լրջագույնս վտանգված են որպես շուկա։ Ընդ որում, Ուկրաինան առաջիկայի համար, կարելի է ասել, չեզոքացված է։ ՌԴ-ում պահանջների շեշտակի անկում է արձանագրվելու։ Դա միանշանակ է։ Իսկ դա ամենաուղիղ հարվածն է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզի խաղողագործներին, ու հարվածի ձայնը կլսվի արդեն սեպտեմբերին։ Հետևաբար այս առումով արդեն կառավարության անելիքները շատ մեծ են ու հրատապ։ Այստեղ գործարարների հնարավորությունները շատ փոքր են։ Իսկ կառավարությունը անհապաղ պետք է մասնագիտական լուրջ հանձնախումբ ստեղծի, որը կզբաղվի պատերազմի՝ ՀՀ տնտեսության վրա ունեցած և ունենալիք հետևանքների ուսումնասիրությամբ ու դրանց չեզոքացնելուն կամ մեղմելուն միտված լուծումներ առաջարկելով։

Հ.Գ. Սա պատերազմի հետևանքներից ընդամենը մեկն է, մինչդեռ շատ լուրջ հետևանքներ են լինելու աշխատաշուկայի, միգրացիայի, տրանսֆերտների, ներդրումների և բազմաթիվ այլ առումներով, որոնց ազդեցությունը մեր տնտեսության վրա կզգացվի ոչ անմիջապես։

Վարդան Մսրյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի