Վերջին 8 օրերին Հայաստանի ամբողջ տարածքում օդի միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով։ Մարտն աչքի է ընկնում խիստ ցածր ջերմային ֆոնով և բացառիկ առատ ձյան տեղումներով։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ վերջին երեք օրերին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության առանձին շրջաններում դիտվել է ռեկորդային քանակի ձյուն։ Մասնավորապես Տավուշի, Գեղարքունիքի, Լոռիի, Սյունիքի առանձին հատվածներում 3 օրվա ընթացքում ձյան ծածկն ավելացել է 60-70սմ-ով, իսկ առանձին բնակավայրերում հասել է 100 սմ-ի և ավելին։ Հանրապետության մեծ մասում դիտված սաստիկ բքի պատճառով` մի շարք ճանապարհներ դարձել են անանցանելի:
Ձյան առատ տեղումների ազդեցությունը բնության և գյուղատնտեսության վրա հանրապետության տարբեր վայրերի բնակիչները տարբեր կերպ են մեկնաբանում։ Մի մասը նշեց, որ առատ տեղումները նպաստելու են ոռոգման խնդիրների լուծմանը, և գարնանը որքան շատ տեղումներ լինեն, այդքան էլ ոռոգման ջուր կլինի։ Ոմանք էլ ասում են, որ եղանակային այսպիսի պայմանները բացի լավ ազդեցությունից, վատ ազդեցություն ևս կարող են ունենալ, քանի որ այս շրջանում ծիրանի ծառերը սկսում են բողբոջել և կարող են ցրտահարվել։
Oragir.news-ը զրուցեց տարբեր համայնքների ղեկավարների հետ, հարցնելով, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ առատ տեղումները։
Արարատի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Սոսիկ Բենյամինյանի խոսքով՝ տեղումները վատ չեն բնության համար, բայց կարող են վնասել ծիրանենիները։
«Ընդհանուր առմամբ՝ տեղումները վատ չեն, հողի համար լավ է, փխրուն կդառնա, լավ կջրվի, նորմալ է, կարծում եմ։ Ոռոգման համար էլ շատ լավ է, մեր հողերը Զովաշենի գետից են ջրվում, գետը արդեն լավ կլցվի ու նորմալ ջուր կունենաք։ Միայն ծիրանը կարող է վնասվել․ շատ հնարավոր է ցուրտը տանի։ Ամբողջությամբ չէ, բայց մի քիչ հնարավոր է ցրտահարվի»,- ասաց Բենյամինյանը։
Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Գառնիկ Գասպարյանն էլ նշեց, որ կոնկրետ այդ տարածաշրջանում չի կարող վատ ազդեցություն ունենալ։
«Պետք է, որ դրական ազդեցություն լինի։ Որպես այդպիսին՝ մեր տարածաշրջանում ոչ մի բացասական ազդեցություն չի կարող ունենալ։ Դրականն էլ այն է, որ ինչքան ձյան շերտը շատ լինի, այնքան բուսականության վրա դրական ազդեցությունն էլ կմեծանա։ Ամեն դեպքում գարունը իր ժամանակին կգա, ու ձյունը ինչքան շատ գա, այդքան լավ։ Մեզ մոտ չկան այնպիսի բույսեր, որ ցրտահարվեն․ ցանքատարածություններ էլ չունենք, խոսքը աշնանացանի մասին է, իհարկե, այսինքն՝ այդ վտանգն էլ չկա։ Ուրիշ տեղերում գուցե շուտ ծաղկեն ծառերը և ցրտահարվեն, բայց մեզ մոտ այգիները ծաղկում են Մայիսի կեսերին և այդ տեսանկյունից էլ վնաս չկա, այսինքն մեզ դա միայն օգուտ է»,- ասաց Գասպարյանը։
Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Արթուր Ասատրյանն էլ հավելեց, որ ձյունը ինչքան էլ շատ լինի, չի խանագարի, բնականաբար ավել ջուրը վնաս չէ։
«Բացասական ազդեցություն, չէի ասի, թե կունենա, ձյունը ինչքան էլ շատ լինի չի խանագրի, բնականաբար ջրի պաշար է։ Ճիշտ է, հիմա եղանակը այն չէ, այդքան ձյուն է եկել, բայց ճանապարհները միշտ բաց ենք պահել, խնդիր չի առաջացրել բնակիչների շրջանում, և ոչ ոք չի տուժել։ Իսկ գյուղատնտեսության համար հաստատ լավ է, առհասարակ Ջրառատը այն համայնքը չէ, որ շուտ է գարունը սկսվում, մեզ մոտ ձմեռը դեռ շարունակվում է, և ոչ մի ցրտահարություն չի լինի։ Աշնանացանն էլ դեռ չէր հասցրել ծլել, որ վնաս լիներ։ Բացի այդ՝ հետո ոռոգման համար էլ լավ է, ճիշտ է մեր համայնքը չունի ջրի պաշարների տեղեր, որ հավաքվի, բայց բնականաբար ձյունը ջուր է, որը գյուղատնտեսությանը օգուտ է»,- նշեց Ասատրյանը։
Մանուշակ Մելքոնյան