Ադրբեջանի ՊՆ-ում տեղի ունեցած խորհրդակցության հաղորդագրությունը համահունչ է ագրեսիվության աճի տրամաբանությանը․ ՀՀ ԱԳՆ
copy image url

Ադրբեջանի ՊՆ-ում տեղի ունեցած խորհրդակցության հաղորդագրությունը համահունչ է ագրեսիվության աճի տրամաբանությանը․ ՀՀ ԱԳՆ

Ներքին 3 տարի առաջ - 20:34 07-03-2022

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել մարտի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, հայտարարությունում ասվում է․

«Մարտի 7-ին, ՀՀ սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում:

Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողին:

Չնայած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե ՀՀ ԶՈՒ զինծառայողը զոհվել է իրենց ստորաբաժանումների գործողությունների հետևանքով, մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունը համահունչ է ադրբեջանական ստորաբաժանումների ագրեսիվության աճի տրամաբանությանը:

Դատապարտելով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը:

Կարևոր ենք համարում նաև, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին պատշաճ գնահատական տրվի միջազգային հանրության կողմից»:

Ամենից շատ դիտված