Աստված չի պատկանում ո՛չ գիտնականին, ո՛չ տրամաբանությանը...
copy image url

Աստված չի պատկանում ո՛չ գիտնականին, ո՛չ տրամաբանությանը...

Մշակույթ 2 տարի առաջ - 21:01 05-01-2023
Սուրբ Ծնունդի կամ Քրիստոսի Ծննդյան պատմությունը դարեր շարունակ արտացոլվել է համաշխարհային կերպարվեստում։ Առանց նկարներին նայելու՝ այս թեմայի մասին մտածելիս առաջինը, ինչ հայտնվում է մեր մտքում ու աչքի առջև, դա ծննդի տեսարանն է, Բեթղեհեմի աստղը, երջանիկ Մարիամը և այս իրադարձությանը ուղեկցող աստվածաշնչյան բոլոր մանրամասները: Անշուշտ, տարբեր ժամանակներում այս թեմայով ստեղծված բոլոր նկարները կապված են դրական հույզեր առաջացնող հրաշքի հետ։ Համընդհանուր բովանդակություն ու ձև ունեցող մեծաթիվ կտավների շարքում, սակայն, առանձնանում է մի պատկեր, որը բացարձակ չի տեղավորվում մեզ ծանոթ տոնական տեսարանների ու տրամադրության շրջանակում։

Ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենը 1896 թվականին ստեղծում է իր «Սուրբ Ծնունդ» կտավը։ Սա այն շրջանն է, երբ Գոգենն ինքն իրենից փախչելու և, միևնույն ժամանակ, ինքն իրեն գտնելու համար Փարիզից մեկնում է Թաիթի։

Թաիթցիների ազատամիտ հայացքներն ու վարքը դրականորեն են ազդում նկարչի վրա։ Նրա աշխատանքները դառնում են ավելի վառ ու գունեղ։

Գոգենը, որ կրոնից ու եկեղեցուց հեռու մարդ էր, այնուամենայնիվ իրեն աթեիստ չէր համարում։ Կյանքի բոլոր հարվածներից ու կրած դժբախտություններից հետո, հաղթահարելով դստեր` Ալինայի մահվան ցավը, նա հայտնվել էր հավատի եզրին։ Գոգենը գրում է. «Մանկությունից ի վեր դժբախտությունները հետապնդում են ինձ… Տե՛ր, եթե դու կաս, ես քեզ մեղադրում եմ անարդարության և չարության մեջ»:



Հոգեկան խառը զգացողությունների տակ կքված ու հուսահատված նկարիչը Թաիթիում ապրելու ընթացքում սկսում է ստեղծել աստվածաշնչյան թեմաներով նկարների շարք և նույնիսկ հրատարակում է իր «Ժամանակակիցն ու կաթոլիկ եկեղեցին» տրակտատը: Կրոնական թեմայով Գոգենի առաջին գործերից է ինքնադիմանկարը, որտեղ նկարիչն ինքն իրեն նույնացնում է Քրիստոսի հետ։ Աշակերտներից դավաճանված, հալածված ու չհասկացված՝ նա իրեն ներկայացնում է ուժասպառ ու խաչված։

Այս շրջանում ծնվում է Գոգենի և իր տասներեքամյա թաիթցի կնոջ` Պախուրայի համատեղ զավակը։ Երեխան ապրում է տասը օր և մահանում է։ Հերթական դժբախտությունից ազդված Գոգենը ստեղծում է իր հաջորդ երկու կտավները` «Սուրբ Ծնունդ» վերնագրով։ Աստվածաշնչյան թեմաներին զուգահեռ` երկու նկարում էլ նա զարգացնում է իր սեփական երեխայի լույս աշխարհ գալու պատմությունը։

Առաջին «Սուրբ Ծնունդ» կտավում Գոգենը պատկերում է Քրիստոսի երջանիկ ծնունդը։ Սա ծննդից մի քանի րոպե հետոյի դրվագն է: Մահճակալին պառկած է Մարիամը, որի բնորդը նկարչի կինն է եղել։ Նորածին Հիսուսը երկրորդ պլանում է: Ավանդական կտավներում պատկերված էշին ու եզին Գոգենը փոխարինել է անկյունում կանգնած կովերով։ Մարիամի ոտքերի տակ պառկած է կատուն։ Այստեղ ամեն ինչ ներդաշնակ, հանդարտ ու խաղաղ է։



Նույն թվականին ստեղծված Գոգենի երկրորդ «Սուրբ Ծնունդ» կտավի հիմքում երեխայի մահվան թեման է։ Այստեղ կրկին Մարիամն է, գրկին` նորածինը։ Կարծես, նույն երանելի վիճակն է` ինչ նախորդ նկարում է, սակայն այստեղ հովվերգական մթնոլորտը խախտում է մահվան հրեշտակը և երեխայի թույլ կախված թևը, որը հուշում է նրա մահվան մասին։



Առանց Գոգենի կենսագրությանը տեղյակ լինելու` դժվար է մեկնաբանել ու բացատրել այս երկու հարակից նկարների իմաստը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շատերին անհասկանալի ու անընդունելի է թաիթցի Մարիամի, Հիսուսի ու աստվածաշնչյան պատմության այսքան անսովոր պատկերումը։ Սակայն, աներևակայելի նուրբ և հարուստ ներաշխարհ ունեցող Պոլ Գոգենը, ով իր ողջ կյանքում գոյատևել ու ստեղծագործել է սարսափելի պայմաններում, վստահ էր, որ Սուրբ Ծնունդը մնում է Սուրբ Ծնունդ՝ անկախ գտնվելու վայրից. լինի դա Բեթղեհեմը, Թաիթին, թե իր սիրելի Բրետան գյուղը։

«Աստված չի պատկանում ո՛չ գիտնականին, ո՛չ տրամաբանությանը։ Նա բանաստեղծներինն է, երազներինը, Նա գեղեցկության խորհրդանիշն է և ինքը՝ Գեղեցիկը», - գրում է Պոլ Գոգենը և դրանով լիարժեք ու ամբողջական դարձնում Սուրբ Ծնունդի թեմայով ստեղծած իր գլուգործոցները։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին

Ձեզ գուցե հետաքրքրի