Ո՞ւմ վրա կանգ կառնի ընդդիմության ընտրությունը․ Հրապարակ
copy image url

Ո՞ւմ վրա կանգ կառնի ընդդիմության ընտրությունը․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 08:32 05-03-2022
Երեւանի քաղաքապետի ընտրություններին թեպետ մեկուկես տարի դեռ կա՝ դրանք, ըստ ամենայնի, կանցկացվեն 2023 թ․ սեպտեմբերին, սակայն քաղաքական դաշտում արդեն սկսել են ակտիվ պատրաստվել։ Առնվազն 3 ֆավորիտային թեկնածուներ կան այս պահի դրությամբ։ Այս մասին մարտի 5-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Բնականաբար, իշխող թիմը հանդես կգա սեփական թեկնածուով, որը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։ Վերջին կես տարվա ընթացքում Ավինյանն արդեն ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, ինտենսիվ հանդիպումներ ունենում, այսպես կոչված՝ ձայն բերող շրջանակների հետ, հատկապես՝ նախկինների, ասում են՝ անգամ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին է փորձել ներգրավել իր ընտրության պոտենցիալ գործընթացին»,- գրել է թերթը՝ շարունակելով․

«Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի թեկնածուն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լեւոնը, որն առաջին քայլերն արդեն արել է քաղաքական արենայում: Նա նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավորական ցուցակի 50-րդ համարն էր:

Առաջադրվելու մտադրություն ունի նաեւ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն հնարավոր է, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ու ՀՀԿ-ն հանդես գան «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմքով, եթե վերջինս առաջադրվի։
Չի բացառվում, որ այլ հավակնորդներ էլ հայտնվեն, քանզի մայրաքաղաքում թեժ պայքար է գնալու, եւ իշխանությունը չունի մեծամասնություն»,- գրել է «Հրապարակը»՝ հիեշեցնելով, որ ինչ-որ պահի իշխանությունը քննարկում էր Երեւանի քաղաքապետի պաշտոնը նշանակովի դարձնելու հարցը, սակայն հետագայում հրաժարվել են այդ մտքից` հասկանալով, որ դա ճիշտ չի հասկացվի: