Ամերիկյան ռազմական գերատեսչությունը երեքշաբթի երեկոյան հրապարակել է Ուկրաինայում տիրող իրավիճակի սեփական գնահատականը:
Պենտագոնի տվյալներով, առաջխաղացող ռուսական բանակի շարքերում կան բազմաթիվ զորակոչիկներ, որոնք երբևէ մարտի չեն մասնակցել, իսկ նրանցից ոմանք չեն իմացել, որ իրենց ուղարկում են պատերազմ: Ըստ Պենտագոնի, որոշ ռուսական ջոկատներ գերի են հանձնվում, երբեմն առանց մարտի, և նշաններ կան, որ ռուսական զորքերի մարտական ոգին թուլանում է:
«Այս պահին Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններում ներգրավված է ՌԴ-ի նախապես պատրաստված զինուժի ավելի քան 80%-ը»,- գտնում են ԱՄՆ զինվորականները: Նրանց տվյալներով, Կիևի վրա գրոհող ռուսական առաջատար ջոկատները երեկվանից առաջխաղացում չեն գրանցել և մնացել են Ուկրաինայի մայրաքաղաքից 25 կմ հեռավորության վրա:
Նաև, ըստ ամերիկացի փորձագետների, Ուկրաինայում գտնվող ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում վառելիքի և սննդի պակաս է նկատվում։ ՌԴ իշխանությունները պնդում են, որ ուկրաինական պատերազմին մասնակցում են միայն պայմանագրայիններ ու սպաներ։