ԱՄՆ կառավարությունը սկսել է հետաքննել վարորդների զանգվածային բողոքները Tesla էլեկտրական մեքենաների հանկարծակի կանգառների վերաբերյալ հենց ճանապարհներին: Այս մասին հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ ԱՄՆ ավտոճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը խնդիրը որակում է որպես «ֆանտոմային արգելակում»։ Անցած ինն ամիսների ընթացքում կազմակերպությունը ստացել է 354 բողոք։ Նախատեսվում է փորձարկել մոտ 416 հազար Tesla Model 3 և Model Y ավտոմեքենաներ, որոնք արտադրվել են 2021 և 2022 թվականներին։
Վարորդների խոսքով՝ խնդիրն առաջացել է Autopilot աջակցության համակարգի պատճառով։ Չնայած անվանմանը, Tesla-ն վարորդներին խորհուրդ է տալիս զգոն լինել և հետևել իրենց մեքենաների շարժմանը:
Առայժմ արգելակման միջադեպերի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Բողոքները նկարագրում են, թե ինչպես է մեքենան անսպասելիորեն արգելակում մեծ արագությամբ վարելիս և հաճախ միևնույն ուղևորության ընթացքում: