Արցախում մշակութային ցեղասպանության շարունակությունը՝ ՀՀ իշխանության անտարբերության ֆոնին․Փաստ
copy image url

Արցախում մշակութային ցեղասպանության շարունակությունը՝ ՀՀ իշխանության անտարբերության ֆոնին․Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 08:39 10-02-2022

Պատերազմից հետո ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում Արցախի՝ իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող հայկական մշակութային արժեքներն ու հուշարձանները։ «Փաստ» օրաթերթի՝ փետրվարի 10-ի համարում թեմային անդրադարձել է լրագրող Արտակ Գալստյանը՝ նշելով, որ այս հարցում Բաքուն միջոցների մեջ խտրություն չի դնում։

« Դրա համար մեծ գումարներ են ծախսում, հատուկ պատմություններ են հորինում աղվանների կամ ալբանների առասպելական մշակութային արժեհամակարգի մասին։ Եվ դրանց համատեքստում ուդիական համայնք են մեջտեղ բերել, թե իբր Արցախի վանքերն ու հուշարձանները պատմականորեն նրանց են պատկանել, և այդպես շարունակ։

Հակառակորդի սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ դեպքեր են գրանցվում, որ հայկական եկեղեցիներն ուղղակի քանդվում և ավիրվում են։ Օրինակ՝ BBC-ի թղթակիցն անցյալ տարի նյութ էր պատրաստել այն մասին, թե ինչպես է Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կարճ ժամանակահատվածում անհետանում։ Թվում էր, թե Ադրբեջանի այս հանցագործ պահվածքը մեծ ռեզոնանս է առաջ բերելու, բայց, ի զարմանս բոլորիս, ոչ մի լուրջ և համարժեք արձագանքի չի արժանանում պետական մակարդակով։ Բարձրաձայնողները սոսկ անհատներ կամ հասարակական կազմակերպություններ են”,-գրում է «Փաստի» օրաթերթի հեղինակը՝ շարունակելով․

« Պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում Փաշինյանը ենթադրաբար Հայաստանի միջազգային գործընկերների հետ շփումների մեջ է եղել, հանդիպումներ է ունեցել ու, ըստ այդմ, բազմաթիվ առիթներ են եղել, որոնց ժամանակ վերջինս կարող էր բարձրաձայնել, միջազգային հանրության ու տարբեր ատյաննների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ է կատարվում Արցախում հազարամյակների պատմություն ունեցող հայկական ժառանգության հետ։

Բայց դրա փոխարեն Փաշինյանը նախընտրել է միայն խաղաղության դարաշրջանի ու դրա պայծառ հեռանկարների մասին խոսել՝ փորձելով ամեն կերպ անուշադրության մատնել Ադրբեջանի կողմից իրագործվող ցեղասպան քաղաքականությունը։ Ինչպես ասում են՝ անպատժելիությունը ծնում է նոր ու ավելի դաժան հանցագործություններ։ Եվ այդպես էլ տեղի ունեցավ։ Դրա համար էլ Բաքուն, տեսնելով, որ հեշտորեն մարսում է իր հանցագործությունները, ավելի ագրեսիվ կերպով է ձեռնամուխ լինում մշակութային ցեղասպանության իրագործմանը՝ փորձելով սկսածն ավարտին հասցնել։ Հիմա էլ հատուկ հանձնաժողով են ստեղծել, որ հայկական գրությունները Արցախի հուշարձաններից վերացնեն ու ընդհանրապես ջնջեն հայկական հետքը։ Արդյոք պատահակա՞ն է, որ Շուշին հռչակել են իրենց մշակութային մայրաքաղաքը ու դրա հետ կապված հատուկ միջոցառումներ են նախատեսում ձեռնարկել, իհարկե՝ ոչ»,-գրել է «Փաստը»

Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում և «past.am» կայքում։