Պետությունը պահում են էլիտաները
copy image url

Պետությունը պահում են էլիտաները

Միտք 3 տարի առաջ - 19:48 29-01-2022
Պետությունը մարդկանց կյանքի կազմակերպման քաղաքական-իրավական ձև է, որի հիմնական նպատակը հասարակական կյանքին կայունություն հաղորդելն է։ Պետությունը դրանով հանդերձ հակադրվում է քաոսին, ամենաթողությանը, անկայունությանը և դառնում կանխատեսելի և հռչակված կարգ ու կանոնին համապատասխան կյանքի երաշխավոր։ Պետությունը կայունության ապահովման իր գործառույթն իրականացնում է տարբեր ինստիտուտների միջոցով՝ բանակ, տնտեսություն, կրթություն և այլն։

Սակայն այդ ինստիտուտների առկայությունն ինքնին չի երաշխավորում, որ պետությունը բնականոն և արդյունավետ գործելու է։ Հայաստանում նույնպես պետության բոլոր ինստիտուտներն առկա են, սակայն բոլորս ամեն օր բախվում ենք իրավիճակների հետ, որոնք լավագույնս բնութագրվում են «պետություն չկա» բանաձևով։ Այնպես որ միայն պետության առկայությունը կամ պետական ինստիտուտների ֆորմալ գոյությունը չեն երաշխավորում կայուն, կանխատեսելի կյանք։

Իրականում պետության արդյունավետությունը մեծապես կախված է էլիտաներից՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, մշակութային և այլն։ Էլիտաները կարևոր պրոցեսներում կամ վտանգավոր ժամանակներում ապահովում են պետության սահուն, առանց ցնցումների ընթացքը և անհրաժեշտ փոփոխությունները, էլիտաները նաև նպաստում են պետություն-հասարակություն տեղեկատվական կապին՝ մեկնաբանելով գործընթացները առաջին հերթին պետական (հետևաբար՝ նաև հասարակական) շահի տեսանկյունից։

Էլիտաների առավելություններից մեկն այն է, որ նրանք, որպես կանոն, վայելում են հանրության վստահությունը՝ չլինելով իշխանության մեջ, բայց լինելով ազգային-պետական գաղափարախոսության և արժեհամակարգի կրող։ Իշխանությունն էլ ստիպված հաշվի է նստում էլիտաների հետ, որովհետև հասարակության համար առաջին հերթին հենց նրանք հեղինակություն և էլիտաների ներկայացուցիչների մեջ են մարդիկ փնտրում ու տեսնում առաջնորդներ։ Հետևաբար, այն իշխանությունը, որը հեղինակության և հանրային կարծիքի ձևավորման հարցերում հենց էլիտաների մեջ է տեսնում մրցակից և վտանգ, սկսում է էլիտաների հեղինակազրկմանն ուղղված քայլեր ձեռնարկել։

Հայաստանում նույնպես 2018 թվականից սկիզբ են առել քաղաքական, ռազմական, կրոնական անվանի գործիչների հեղինակազրկման փորձերը, որոնք, թերևս, երկու նպատակ ունեն՝ հանրության աչքերում նսեմացնել հասարակական կարծիքի ձևավորման և առաջնորդության իրական հնարավորություն ունեցող մարդկանց և զուգահեռաբար փորձել նրանց տեղը բերել նորերին՝ արդեն իշխանությունից։ Դա ակնհայտ երևաց հատկապես ռազմական և տնտեսական ոլորտներում, որոնցում կարծիքի ձևավորման փորձեր արեցին իշխանության ներկայացուցիչները և իշխանամերձ օլիգարխները։ Բայց այս դեպքում առաջանում է մի իրավիճակ, երբ իշխանամերձ որոշ օղակներ հավակնում են ընկալվել որպես էլիտա, սակայն չեն կարող իշխանության դիրքորոշումից տարբերվող տեսակետ հայտնել։ Իսկ այդպիսի մարդիկ չեն կարող լինել կամ ընկալվել որպես էլիտա, որովհետև վերջինիս գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մտածողության, արժեհամակարգի և գործունեության կենտրոնում ազգային պետությունն է, ոչ թե՝ օրվա իշխանությունը։

Հետևաբար, տարբեր ոլորտներում էլիտաների հեղինակազրկումը և նրանց փոխարինումը իշխանության խամաճիկներով վտանգ է ներկայացնում առաջին հերթին պետության կայունության և շարունակականության ապահովման առումով։ Հասկանո՞ւմ են արդյոք գործող իշխանություններն այս վտանգը։ Վստահաբար՝ այո։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին