Վերջին օրերի Հայաստանի սահմանային լարվածության ու Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հայտնվելու հետ որոշ փորձագետներ շատ ուղիղ կապ են տեսնում։ Ըստ նրանց՝ դա Թուրքիայի ու Ադրբեջանի ուղերձն էր Ռուսաստանին։ Այս թեմայով Oragir.news-ը զրուցել է միջազգային քաղաքականության փորձագետ, լրագրող Հայկ Խալաթյանի հետ։
-Տոկաևը հայտարարեց, որ ամենաուշը 15 օրվա ընթացքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը դուրս կբերվեն Ղազախստանից, որից անմիջապես հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում կմնան այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ իրավիճակը կայունանա։ Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել այս երկու հակասական հայտարարություններից հետո։
- Հիմա, ինչպես տեսնում ենք, իրավիճակն ամբողջովին կարգավորվել է, իշխանությունն ամբողջությամբ վերահսկողությունը վերցրել է իր ձեռքը։ Հիմա բախումներ չկան, միայն ձերբակալում են կազմակերպիչներին։ Ու ես հիմա չեմ կարծում, որ եթե Ղազախստանն ասի զորքերը դուրս բերեք, Պուտինը կցանկանա դրանք պահել այնտեղ։
- Այսինքն՝ այս հայտարարությունների տակ որևէ ենթատեքստ փնտրել հարկավոր չէ՞։
- Հակառակը, եթե նույնիսկ հենց հիմա զորքերը դուրս բերեն, դա էլի կխաղա Ռուսաստանի օգտին, որովհետև Արևմուտքն ու Ղազախստանի որոշ ազգայնականներ մեղադրում էին, որ Ռուսաստանը փորձում էր օկուպացնել Ղազախստանը։ Ռուսաստանն էլ այս պահին ցույց տվեց, որ ինքն իսկապես փորձում էր օգնել։ Իմ կարծիքով, հաշվի առնելով տրամադրությունները ղազախ հասարակությունում, իսկ ես կարող եմ ասել, որ Ղազախստանում ցանկանում էին, որ ինչքան հնարավոր է շուտ վերականգնվի անվտանգությունն ու կարգուկանոնը՝ շատ դրական են ընկալում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի այս օգնությունը։ Ես կարող եմ ասել, որ ԱՄՆ-ի մոտեցումը շատ բացասաբար էր ընդունվում Ղազախստանում, երբ նրանք քննադատում էին Ռուսաստանի օգնությունը։ Նրանք ասում էին, որ քաոս է երկրում, երկրի գլխավոր քաղաքներից մեկում, մոտ 2 միլիոն բնակչությամբ, մարդկանց ահաբեկում են, իսկ ստեղ մեզ ասում են․ «մի՛ դիմեք օգնության»։
- Հայաստանի իշխանությունների նման նախաձեռնողականությունն ու հապճեպ զորք ուղարկելը մեզ համար ի՞նչ կարժենա։ Ինչպե՞ս կընկալվի մեր միջազգային գործընկերների կողմից։
- Սա բարդ հարց է, որովհետև, իհարկե, Արևմուտքի կողմից դա շատ բացասաբար է ընկալվելու։ Իհարկե, որոշակի դիվիդենտներ կստանանք Ռուսաստանի կողմից, որ օժանդակեցինք, բայց ես չեմ կարծում, որ դրանից հետո լուրջ կփոխվի վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ Վերցնենք՝ ում հետ է համագործակցում երկրի ներսում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը։ Արևմտամետ քաղաքական գործիչներ, ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ և այլն։ Հիմա նույն մարդիկ, ովքեր առավոտից երեկո քննադատում են ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին, հակառուսական քարոզչություն են վարում, դրանց հետ սերտ համագործակցում է ներկա իշխանությունը։ Հիմա էդ նույն մարդիկ, ովքեր սերտ համագործաակցում են Փաշինյանի հետ, ակտիվորեն քննադատում են Ղազախստան հայկական զորամիավորում ուղարկելը։ Հիմա հասկանալի է, չէ՞, որ Ռուսաստանում նայելու են, որ եթե դուք իրոք Ռուսաստանի կողմից եք, ուրեմն պետք է որոշակիորեն դիստանցավորվեք այդ ուժերից։ Եթե դա տեղի չունենա, բոլորը կհասկանան, որ Փաշինյանը ստիպված էր օժանդակել, բայց միևնույնն է, նա շարունակում է հակառուսական գործունեությունը Հայաստանում։ Դրա համար եմ ասում՝ մի կողմից դրական է ընկալվելու ռուսական կողմից Փաշինյանի այս քայլը, բայց մյուս կողմից սպասելու են շարունակությանը, որ եթե դու ամբողջությամբ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի կողմից ես, ուրեմն պետք է որոշակի քայլեր եկրի ներսում էլ ձեռնարկես։ Իսկ մենք տեսնում ենք, չէ՞, թե իշխանության պատգամավորներն ինչպես էին քննադատում ՀԱՊԿ-ին, կամ այն ՀԿ-ները, որոնց հետ սերտ համագործակցում է իշխանությունը, առավոտից իրիկուն քննադատում են Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ը։
- Իսկ հայ հասարակության մոտ հարցեր չե՞ն առաջանում։
- Մի կողմից բոլորի համար հասկանալի է, որ դա Փաշինյանի նախաձեռնությունը չէր, ասել էին, նա էլ արեց։ Հիմա նա էր նախագահում, Հայաստանի ժամկետն է։ Բայց հարցեր են առաջանում։ Երբ մենք լուրջ խնդիրներ ունեինք, ինչո՞ւ դու չդիմեցիր, այ այնպես, ինչպես հիմա Տոկաևը դիմեց։ Փաստացի Հայաստանն այդպես էլ չի դիմել։ Հայտարարություններ եղել են, բայց դիմում չի եղել։ Նույնիսկ մայիսին մենք լրիվ այլ հոդվածով ենք դիմել․ ոչ թե անմիջական օգնություն ցուցաբերելու, այլ խորհրդակցություններ իրականացնելու, որոնք անկցացվեցին։ Հիմա հայ հասարակությունը հարց է տալու, եթե ՀԱՊԿ-ը կարողանում է օպերատիվ արձագանքել, ինչո՞ւ մենք օգնություն չենք ստացել։
- Բայց հայ հասարակությունում բոլորովին այլ հարցեր են հնչում․ ոչ թե՝ «ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց», այլ՝ «ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չօգնեց»։
- Իմ կարծիքով հարցը պետք է այլ կերպ ձևակերպել։ Հայ հասարակությունը պետք է հարցնի, եթե ՀԱՊԿ-ը կարողանում է այսպես օպերատիվ արձագանքել, ինչո՞ւ դուք պաշտոնապես չեք դիմել օգնության համար։ Երբ բացահայտ ագրեսիա կար, ընդ որում սա իրենց ձևակերպումն է, որ սա բացահայտ ագրեսիա է Հայաստանի նկատմամբ, այդ դեպքում ինչո՞ւ դուք չեք դիմել։ Ու դա շատ լուրջ խնդիրներ է ստեղծելու ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանում, որ իշխանությունը փորձում է ամբողջ մեղքը բարդել Ռուսաստանի ու հենց ՀԱՊԿ-ի վրա։ Այստեղ հարցեր կան հենց Հայաստանի իշխանություններին՝ ինչո՞ւ չես դիմել։ Որովհետև այն պատճառաբանությունները, որոնք հնչում են, որ ռուսական կողմն է խնդրում չդիմել, այդքան էլ ընդունելի չեն։ Եթե դուք առաջնորդվում եք Հայաստանի շահով միևնույնն է, պետք է դիմեիք։
- Ամեն դեպքում, միջազգային հարթակում Հայաստանի վարկանիշի վրա ինչպե՞ս կազդի խաղաղապահ ուժերի տեղակայումը Ղազախստանում։
- Եթե ՀԱՊԿ-ը մոտակա օրերին զորքը դուրս բերի Ղազախստանից, որևէ լուրջ հետևանք չի ունենալու՝ կապված Ղազախստանի հասարակության տրամադրվածությունների հետ։ Մյուս կողմից, պետք է հասկանալ, որ Արևմուտքը միանշանակ բացասաբար է մոտենալու մեր քայլին։ Բայց պետք է հասկանալ, որ Արևմուտքն այսպես թե այնպես Հայաստանին օժանդակություն ցույց չի տալիս։ Ու դա հասկանալի է, որովհետև Թուքիան ՆԱՏՕ-ի գլխավոր դերակատարներից է, մենք տեսնում ենք՝ ինչ լարված իրավիճակ է Ուկրաինայի շուրջ՝ Ռուսաստան-ՆԱՏՕ և բոլոր այդ արևմտյան ծրագրերում Թուրքիան կարևոր դերակատարություն ունի։ Նույնիսկ վերջին օրերի սահմանի լարվածությունը ցույց է տալիս, որ դա որոշակի չափով Թուրքիայի ու Ադրբեջանի ուղերձն էր Ռուսաստանին։Երեկ ՄԳԻՄՈ-ի փորձագետները կանխատեսում էին հրապարակել, որ Արևմուտքը փորձելու է տարբեր պրովոկացիաների դիմել ու վարկաբեկել Ռուսաստանին ու նրա ուժային երաշխիքներն իր դաշնակիցներին։ Եվ չէին բացառում, որ Ադրբեջանի կողմից որոշակի քայլեր կլինեն Հայաստանի նկատմամբ։ Դե բառացի չէին գրել Հայաստան-Ադրբեջան, գրել էին Ռուսաստանի խաղաղապահների նկատմամբ սադրանքներ։ Դե, հո Հայաստա՞նը չի քայլեր անելու նրանց դեմ։ Մենք տեսնում ենք սադրանքներ թե՛ խաղապահների նկատմամբ, թե՛ Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների նկատմամբ Հայաստանի հանդեպ, այսինքն՝ կասկածի տակ է դրվում Ռուսաստանի հեղինակությունը։ Բոլորի համար էլ հասկանալի է, որ Ռուսաստանը շահեր ունի Ադրբեջանում։ Բայց այս ամենը շատ դժվար իրավիճակում են ստեղծում Ռուսաստանի համար։ Մի կողմից Ռուսաստանը չի ուզում բացահայտ ուժային միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ՝ ունենալով շահեր, բայց մյուս կողմից էլ կան դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ։
- Բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն այդքան էլ վատ չի զգում, որ չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Ի՞նչ կաշկանդվածության մասին է խոսքը։
- Եթե Հայաստանը պաշտոնապես դիմի, Ռուսաստանը չուզենալով էլ կատարելու է իր դաշնակցային պարտավորությունները։ Կա հավանականություն, որ հետո դա շատ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների համար, բայց եթե պաշտոնապես դիմենք, նրանք նույնիսկ եթե չուզենար էլ, կատարելու են իրենց պարտավորությունները։
Աղվան Ասոյան