Այսօր վախճանվեց անվանի հայ գրող, Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Ռազմիկ Դավոյանը: Oragir.News-ը բանաստեղծ Հուսիկ Արայից հետաքրքրվեց, թե ի՞նչ գրական ժառանգություն է թողել Դավոյանը․
«Ռազմիկ Դավոյանին որպես բանաստեղծ արժևորելիս մենք նրան պետք է դասենք մեր դասական բանաստեղծների շարքում։ Նա շատ մնայուն արժեքներ է ստեղծել և անկախ նրանից ֆիզիկապես մեր կողքին է, թե՝ ոչ, նա միշտ մնալու է մեր պոեզիայում։ Ես նրա գործերից առանձնացնում և արժևորում եմ հատկապես «Ռեքվիեմը»։ Նա ունի էլի այլ բանաստեղծական շարքեր, որոնք նոր շունչ, թափ, հայացք բերեցին և իր ուրույն տեղը գրավեցին 60-ականների բանաստեղծների կողքին։ Իմ շփումը Դավոյանի հետ միշտ եղել է։ Դավոյանը շատ դրական հատկանիշներով և լույսով օժտված մարդ էր։ Նա իր կյանքի վերջին տարիներին շատ մեծ ցավ ապրեց՝ կապված պատերազմի հետ։ Պատերազմում ունեցած մեր պարտությունը շատ խորը ազդեցություն էր թողել նրա վրա»,- պատասխանեց Հուսիկ Արան։
Հարցին, թե, իր կարծիքով, Դավոյանին պիտի՞ հուղարկավորվեն Կոմիտասի անվան պանթեոնում, Հուսիկ Արան պատասխանեց․ «Նրա հուղարկավորության տեղը պետությունն է որոշում, բայց անկախ նրանից, թե որտեղ կհուղարկավորեն, նա մնայուն արժեքներ է ստեղծել և հուղարկավորելու տեղով չի որոշվում մարդու վաստակը։ Բայց ես կարծում եմ, որ Դավոյանը արժանի է հուղարկավորվել Կոմիտասի անվան պանթեոնում՝ մեր մեծերի կողքին»։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կստեղծվի կառավարական հանձնախումբ՝ Դավոյանի հոգեհանգիստը և հուղարկավորությունը կազմակերպելու համար, Հուսիկ Արան պատասխանեց․ «Թքած ունեմ Կառավարության և իր որոշումների վրա։ Կառավարության անդամները չունեն այդքան ուղեղ, որ կարողանան հասկանալ Ռազմիկ Դավոյանի արժեքը և հասկանան, թե որտեղ կարելի է հուղարկավորել»։
Լիլիթ Հարությունյան