Ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոն խոստովանել է, որ իր կազմակերպած դերասանական դպրոցում դասավանդելիս սեռական կապեր է ունեցել ուսանողուհիների հետ։ Դերասանը զղջացել է իր արարքների համար և խոստովանել, որ դա սխալ է։ Այս մասին Ֆրանկոն պատմել է ամերիկյան SiriusXM ռադիոընկերությանը տված հարցազրույցում։
Ամեն ինչ սկսվել է 2019 թվականի սկանդալով։ Այդ ժամանակ կատարողական արվեստի դպրոցի սաները Ջեյմս Ֆրանկոյին մեղադրում էին սեռական ոտնձգությունների մեջ։
Սառա Թիթեր-Կապլանը և Թոնի Գահլը հայտարարում էին, որ դերասանական դպրոց են եկել 2014 թվականին՝ հույս ունենալով զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, սակայն փոխարենը Ֆրանկոն և դպրոցի մյուս աշխատակիցները դրդել են իրենց մասնակցել սեքսուալ բնույթի լսումների և նկարահանումների։ Դրա դիմաց աղջիկներին ֆիլմերում դերեր են խոստացել։ Նշվում է, որ հետո այդ նախագծերն այդպես էլ կյանքի չեն կոչվել։
Ուսանողները դատական հայց են ներկայացրել Ֆրանկոյի և նրա գործընկերների դեմ, որում ասվում է, որ նրանք օգտագործել են իրենց ղեկավար դիրքը դպրոցում՝ սեռական բնույթի օգուտներ ստանալու համար։
Ռադիոհաղորդման եթերում Ֆրանկոն խոստովանել է, որ իսկապես քնել է իր ուսանողուհիների հետ։
«Ես կոնկրետ այս դասարանում ոչ մեկի հետ չեմ քնել («անկողնային տեսարաններ» դասեր), բայց դասավանդման ժամանակ քնում էի ուսանողուհիների հետ, և դա սխալ էր…»,- զղջացել է դերասանը։ Նա պարզաբանել է, որ կարծում է, որ սեռական հարաբերությունը տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ։
Դերասանը պարզաբանել է նաև, որ ուսանողների հետ կապերը չեն եղել դերասանական դպրոցի ստեղծման պատճառը։