ԱՄՆ-ում կայացվել է ամենախիստ դատավճիռը Կապիտոլիումի գրոհի գործով
copy image url

ԱՄՆ-ում կայացվել է ամենախիստ դատավճիռը Կապիտոլիումի գրոհի գործով

Արտաքին 3 տարի առաջ - 17:34 18-12-2021

ԱՄՆ-ում կայացվել է մինչ այժմ ամենախիստ դատավճիռը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի գործով։

Ֆլորիդայի դատարանը տեղի բնակիչ Ռոբերտ Փալմերին դատապարտել է հինգ տարի 3 ամիս ժամկետով բանտարկության՝ նրան մեղավոր ճանաչելով ոստիկանների վրա տախտակով և կրակամարիչով հարձակման համար, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Դատավճիռը հրապարակվել է ուրբաթ օրը։ Փալմերին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, ինչպես նաև մինչև 250 հազար դոլարի տուգանք։ «Ձերդ գերազանցություն, ես իսկապես ամաչում եմ իմ արածի համար»,- արցունքների միջից ասել է Ֆլորիդայի 54-ամյա բնակիչը՝ դիմելով դատավորին:

Մեղադրող կողմը հաստատում է, որ այս տարվա հունվարի 6-ին Կապիտոլիումում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ռոբերտ Փալմերը փայտե տախտակ է նետել ոստիկանների վրա, երբ վերջիններս հսկում էին Կոնգրեսի շենքի արևմտյան մուտքը, իսկ ավելի ուշ նրանց ուղղությամբ պահել է կրակամարիչ։ Երբ բալոնը դատարկվել է, նա այն նետել է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա։