Փաշինյանն իր ցինիկ հայտարարությամբ փաստեց, որ այս լուծման պատճառն իր գոյությունն է․ Մետաքսե Հակոբյան
copy image url

Փաշինյանն իր ցինիկ հայտարարությամբ փաստեց, որ այս լուծման պատճառն իր գոյությունն է․ Մետաքսե Հակոբյան

Խոսք 3 տարի առաջ - 14:05 09-12-2021

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն: Բացի այդ, բանակցային գործընթացում չի ֆիքսվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման տարածք։ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ հայ հասարակության մեջ որոշակի քարոզչության արդյունքում կարծիք է ձևավորվել, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը» անպայմանորեն ենթադրում է Ղարաբաղի անկախություն։ «Իսկ ո՞վ է ասել: Վերջնական կարգավիճակ նշանակում է որոշակի վերջնական կարգավիճակ։ Հանրաքվեի ինստիտուտի ու դրա ներսում առկա թակարդների մասին արդեն խոսել եմ։ Օրինակ, որ բանակցային գործընթացում նախատեսված է եղել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների մասնակցություն բանակցային գործընթացին: Ի սկզբանե եղել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների՝ հանրաքվեին պոտենցիալ մասնակցելու չափաբաժնի խնդիր։ Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ բանակցային գործընթացում և առկա փաստաթղթերում երբեք չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք: Չի ֆիքսվել տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն։ Այստեղ շատ նրբություններ կան»,- ասել է Փաշինյանը։

Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Oragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ասաց, որ նրա օրակարգը տարբերվում է հայերի օրակարգից, և արցախահայությունն արդեն մեկ անգամ ասել է, թե ինչ երկրում է ուզում ապրել։

«Նիկոլ Փաշինյանն իր ցինիկ հայտարարությամբ հերթական անգամ փաստեց, որ հենց իր գոյությամբ է պայմանավորված լուծումը այնպես, ինչպես 3 տասնամյակ շարունակ երազել է Ադրբեջանը, և շատ երկար՝ 1 դար և ավել՝ Թուրքիան, և որևէ բան այսօր ի զորու չէ փոխել և՛ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հաստատակամությունն այդ առումով։ Բայց մենք պետք է ամենակարևորը չմոռանանք, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ արդեն մարտական գործողություններ և պատերազմ էր Արցախում, այստեղ բնակվող հայերը հանրաքվե արեցին, և 100 հազարից ավել հայ քվեարկեց, որ այո, ինքն ուզում է ապրել ազատ, անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, և 30 տարի անց հայը, անկախ այն հանգամանքից, որ մենք հիմա բզկտված ենք, որ մենք հիմա խեղված ենք, ինչ-որ տեղ նաև խեղճացած ենք, որովհետև ունենք նաև այսպիսի իշխանություններ, միևնույն է մենք մեր գաղափարից հետ չենք կանգնում, և Նիկոլ Փաշինյանի օրակարգը ոչ մի կապ չունի հայի օրակարգի հետ, իր օրակարգում հայկական 2 պետությունների՝ Արցախի Հարապետության և Հայաստանի Հանրապետության կործանումն է, իսկ մեր օրակարգում և՛ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սուվերենությունը, անկախությունը պահելն է։ Այնպես որ, այստեղ երկակի պատասխաններ լինել չեն կարող, որպեսզի չունենանք այն հանգուցալուծումը, որն այսօր հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, մենք այսօր ունենք ընդամենը մեկ ճանապարհ՝ ազատվել այս ապիկար իշխանություններից»,- եզրափակեց Հակոբյանը։