Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը անցկացրել է Կառլ Նեհամերի՝ որպես նոր կանցլերի երդմնակալության արարողությունը, որը Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդն է։ 49-ամյա Նեհամերը պաշտոնը ստանձնել է երկուշաբթի՝ դեկտեմբերի 6-ին։ Այս մասին հայտնում է Ավստրիայի կանցլերի գրասենյակի կայքը։
Երդվել են նաև Ալեքսանդր Շալենբերգը՝ որպես արտգործնախարար, Մագնուս Բրունները՝ ֆինանսների և Մարտին Պոլասեկը՝ կրթության նախարար:
Դեկտեմբերի 2-ին նախկին կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին։ Նա կանցլեր է դարձել հոկտեմբերի 11-ին այն բանից հետո, երբ 35-ամյա Սեբաստիան Կուրցը, ով պաշտոնավարում էր 2017 թվականից և աշխարհի ամենաերիտասարդ կառավարության ղեկավարն էր, հրաժարական է տվել։
Կուրցը որոշել է հեռանալ պաշտոնից 2021 թվականի հոկտեմբերին՝ կոռուպցիոն սկանդալից հետո։
Հավելում ենք, որ դեկտեմբերի 2-ին Սեբաստիան Կուրցը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։ Նրա խոսքով՝ ինքը անհամբեր կսպասի այն օրվան, երբ դատարանում կարողանա ապացուցել, որ իրեն առաջադրված մեղադրանքը կեղծ է։