Ավագ լեյտենանտ Արման Զքոյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով

Ներքին 3 տարի առաջ - 11:28 05-12-2021

44-օրյա պատերազմում անմահացած հերոս, N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, ավագ լեյտենանտ Արման Մխիթարի Զքոյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով: Այս մասին հայտնում է Արթիկի համայնքապետարանը։

Մեդալի հանձման արարողությունը տեղի է ունեցել Արման Զքոյանի տան հարևանությամբ՝ նրա հիշատակին տեղադրված խաչքարի մոտ:

Քահանա Տեր Սողոմոն Մինասյանը բոլոր արթիկցիների անունից երախտագիտության և գնահատանքի խոսքեր է հնչեցրել Արմանի և բոլոր անմահացած հերոսների սխրանքների առջև: Ապա ներկաները միասնական տերունական աղոթք են բարձրացրել առ Աստված:

Կառավարական մեդալի հանձման արարողությունը վստահված էր զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման Արթիկի բաժանմունքի ղեկավար Հրաչ Մելքոնյանին, ով ներկայացրել է Արման Զքոյանի անցած զինվորական փառավոր ուղին՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից դեռևս 2020 թվականին ավագ լեյտենանտ Արման Զքոյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Հայրենիքին մատուցած ծառայության» 1-ին աստիճանի կառավարական մեդալներով:

Հ. Մելքոնյանը պարգևը հանձնել է հերոսի հորը՝ Մխիթար Զքոյանին: Ապա երախտագիտության, ակնածանքի ելույթներով հանդես են եկել Արթիկի թիվ 8 հիմնական դպրոցի սաները: Նրանց համար դպրոցի բակում տեղադրված հուշախաչքարը ամենամեծ հայրենասիրական դաս է, հոկտեմբերի 5-ին Ջրականի արծիվներին միացած և անմահացած Արմանի փառավոր ուղին՝ սխրանքի և անմնացորդ նվիրման վեհ օրինակ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված